Armenian Soccer
Armenian Soccer

Վլադիսլավ Կրյուչկով. «Մենք ինչ-որ մի «Բարսելոն» չենք, որ թերագնահատենք մրցակցին…»

ՀՀ փոխչեմպիոն, գավաթակիր , սուպերգավաթակիր «Նոայի»  ավագ Վլադիսլավ Կրյուչկովը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկին պատրաստվելու, առաջնության ձևաչափի և «Նոայի»  նորեկների, «Շիրակի»  հետ խաղի և Եվրոպայի լիգայում թիմի հեռանկարների մասին…
— Ինչպե՞ս է «Նոան» `Հայաստանի գավաթակիրն ու փոխչեմպիոնը, մոտենում մեկնարկած նոր մրցաշրջանին: Այս տարի փոփոխվեց նաև առաջնության ձևաչափը՝ 3 շրջան, «լեգեոնեականների» նոր սահմանափակում, «ուժեղագույն վեցնյակի» գաղափարից հրաժարում… — Դե, տրամադրությունը բարձր է, մթնոլորտը՝ լավ, մեկնարկին նախապատրաստվում ենք սովորականի պես՝ ինչպես ցանկացած առաջնության, «աստղային հիվանդությամբ» չենք տառապում՝ մրցակիցներին թերագնահատելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Ինչ վերաբերում է ձևաչափի փոփոխմանը՝ այնքան էլ շատ չեմ մտածել այդ մասին, միգուցե այդպես նույնիսկ ավելի հետաքրքիր կլինի…
— Ի՞նչ նպատակներ ու խնդիրներ է դնում ղեկավարությունը ձեր առաջ համար, ակումբը պատրա՞ստ է այսօր կատարելու առաջադրանքը: Որքանո՞վ է, ըստ քեզ, հավասարակշռված «Նոա»-ի կազմը:
— Ակումբի առջև մշտապես ամենաբարձր նպատակներն են դրվում, այս տարի, բնականաբար, չեմպիոնության համար ենք պայքարելու: Կապված կազմի հետ, նախորդ մրցաշրջանի համեմատ «Նոա»-ն այժմ ավելի հավասարակշռված թիմ է՝ գրեթե երկու ֆուտբոլիստ յուրաքանչյուր խաղային դիրքում:
— Նորեկների մասին խոսենք: Թիմին են միացել մի շարք բազմափորձ ֆուտբոլիստներ՝ Դենիս Դենեչկոն, Արտյոմ Սիմոնյանը, նաև ավելի երիտասարդ խաղացողներ՝ Մոնրոյ Արարատը, Նիկիտա Դուբչակը… Ինչպես են նրանք հարմարվում «Նոա»-ում, կա արդեն նորմալ փոխգործակցություն խաղընկերների հետ:
— Հաշվի առնելով, որ նախորդ տարվանից «Նոա»-ի առանցքը կազմող ֆուտբոլիստները մնացել են թիմում, կարծում եմ, նորերկների համար ավելի հեշտ կլինի մուտք գործել կոլեկտիվ, տեղ զբաղեցնել հիմնական կազմում, կարծում եմ՝ նրանք հեշտությամբ կհարմարվեն «Նոա»-ի դավանած ֆուտբոլին:
-Մեկ տարի անց, ինչպես կգնահատես Հայաստանի ֆուտբոլի մակարդակը: Նոր մրցաշրջանից առաջ թիմերում տեղի ունեցած փոփոխությունները որքանո՞վ կնպաստեն ավելի մրցունակ ու հետաքրքիր առաջնություն ունենալուն: Նաև՝ նոր մրցաշրջանում, ըստ քեզ, ո՞ր թիմերը կարելի է համարել չեմպիոնության հիմնական հավակնորդ:
— Առաջնությունը բավականին որակյալ է, մեծ թիվ են կազմում մարտունակ թիմերը, որպես ակնհայտ առաջատար և չեմպիոնության հավակնորդ, թերևս, կարելի է առանձնացնել «Արարատ-Արմենիա»-ին, բայց կրկին, ինչպես ցույց տվեց նախորդ մրցաշրջանը՝ ցանկացած թիմ ունակ է հաղթել յուրաքանչյուր մրցակցի…
— Մեկնարկած առաջնության առաջին մրցափուլում «Նոա»-ն վաղը մրցելու է Գյումրիի «Շիրակ»-ի դեմ, որի կազմում, առաջվա պես, հանդես է գալու նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն: Հնարավո՞ր է մրցակցի թերագնահատում՝ նաև հաշվի առնելով թիմերի միջև կայացած վերջին խաղը, թե՞…
— Դե նախորդ խաղը, որն ավարտվեց 4:0 հաշվով, մենք արդեն մոռացել ենք, և որևէ թերագնահատման մասին խոսելն ավելորդ է: Մենք ինչ-որ մի «Բարսելոն» չենք, որը երեկ Չեմպիոնների լիգայում պարտվեց 2:8: Երբ նման ֆուտբոլային գրանդը պարտվում է, ինչպե՜ս կարելի է նման կերպ մոտենալ մրցակցին… Ինչ վերաբերում է Մորի Կոնեին՝ ինչպես և նախորդ խաղից առաջ էի ասել, անհատապես որևէ ֆուտբոլիստի դեմ չենք խաղալու, մեր թիմային խաղն ենք ցուցադրելու…
— Անդրադառնանք Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությանը և «Կայրաթի» դեմ դիմակայությունը:
— Դե, մինչ այդ խաղը մենք դեռ մի քանի խաղ կանցկացնենք Հայաստանի առաջնությունում: Դրանից հետո կնախապատրաստվենք, կնայենք մրցակցի խաղերը, կվերլուծենք «Կայրաթ»-ի թույլ և ուժեղ կողմերը: Ղազախստանի առաջնության որակյալ թիմերից է, շատ դժվար է լինելու, մենք կձգտենք հաղթել…

2020 Armenian Soccer