Armenian Soccer
Armenian Soccer

ՍՏԵՓԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ․ «ԻՄ ՓՈՐՁՆ ԵՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՊԱՏԱՆԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԻՆ»

Ինչպես տեղեկացրել էինք, «Ուրարտուի» նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանը համալրել է ակումբի մարզչական շտաբն ու աշխատելու է ակադեմիայի պատանի դարպասապահների հետ։ Ակումբի մամուլի ծառայության  տված   հարցազրույցում նա կիսվել է մարզչական կարիերա սկսելու ու առաջին աշխատանքային օրերի մասին։

ՄԱՐԶՉԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ ՀԱՐԱԶԱՏ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ֆուտբոլիստի կարիերաս ժամկետից շուտ ավարտեցի ընտանեկան խնդիրների պատճառով, այնուհետև տևական ժամանակ բացակայեցի երկրից, իսկ վերադառնալուց հետո առաջարկ ստացա իմ հարազատ ակումբից՝ մարզելու ակադեմիայի ֆուտբոլիստներին։ Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը, որ նման պատասխանատու աշխատանքն ինձ վստահվեց։ Ինձ համար մեծ պատիվ է ու շատ հաճելի այստեղ կրկին գտնվելը, այնպես որ անհամբերությամբ եմ սպասում յուրաքանչյուր մարզմանը։ Կաշխատեմ իմ փորձը փոխանցել մեր երիտասարդներին»։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
«Այս պահին մարզչական որոշ տարրերի եմ փորձում ծանոթանալ, զրուցում եմ գլխավոր թիմի, ակադեմիայի դարպասապահների մարզիչների հետ, փորձ եմ կուտակում, կարելի է ասել՝ այս պահին ավելի շատ սովորելու փուլում եմ»։
ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Այն մարզիչներից, որոնց հետ աշխատել եմ, իսկապես շատ բան եմ սովորել։ Յուրաքանչյուրից փորձել եմ ինչ-որ լավ բան քաղել։ Իմ կարծիքով, ամենակարևորը դարպասապահի համար վստահությունն է, մնացածը՝ ֆիզիկական պատրաստվածությունը, տեխնիկայի զարգացումն ու տակտիկական հմտությունները պետք է ձեռք բերել ժամանակի ընթացքում շատ աշխատելու շնորհիվ»։
ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ
«Որդիս՝ Հայկն էլ իմ ճանապարհն է շարունակում, այժմ ակադեմիայի թիմերից մեկում է մարզվում, տվյալներ ունի, պետք է շատ աշխատի, ես էլ պիտի իմ սպորտային գիտելիքներով նրան ուղղություն տամ։ Կարծում եմ՝ ջանասիրաբար աշխատելու դեպքում նրա մոտ ամեն ինչ կստացվի»։

©2020 Armenian Soccer