Այս ամռանը «Նոա Հոլդինգը» հայտարարեց նոր ակումբի ձեռքբերման մասին։
Հերթական ակումբը, որը միացավ «Նոա» ընտանիքին` հունգարական «Դեբրեցենն» էր։
«Նոայի» ներկայացուցիչներից Հայկ Հովակիմյանը, որը զբաղեցնում է Հունգարիան ներկայացնող ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչպես է սկսել համագործակցությունը, ինչ նպատակ է հետապնդում տարբեր ակումբների ձեռքբերումն ու ամենակարևորը, որքանով այն կնպաստի մեր մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։
«Նախ և առաջ մեզ համար շատ կարևոր է, որ մեր սկսած պրոյեկտն ունենա ապագա և մեծ պոտենցիալ։
Երկար ենք ուսումնասիրել «Դեբրեցենը». հիանալի ստադիոն ունեն, ակադեմիան հիասքանչ է, 400-ից ավելի երեխաներ են այնտեղ մարզվում։
Մ-14/Մ-15 տարիքայինների թիմերում անգամ հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներ կան։
Կարծում եմ այստեղից հնարավոր է մեծ քայլ անել դեպի եվրոպական գրանդներ»:
Հարցին, թե սպասվում են արդյոք փորձի փոխանակման ծրագրեր, Հովակիմյանը հավաստիացրեց, որ առաջիկայում անպայման կլինեն։
«Մեր ամենամեծ նպատակն է հայ երեխաների համար ճանապարհ բացելը։
«Նոայից» կլինեն ֆուտբոլիստներ, որոնք լավ ֆուտբոլային որակներ ունենալու դեպքում անպայման հնարավորություն կստանան «Դեբրեցենում» հայտնվելու։
Այժմ ակումբի 2-րդ թիմում ունենք հայ ֆուտբոլիստ` Շվեյցարիայից Էրիկ Տեր-Մկրտչյանը, որը փորձաշրջանի ընթացքում ցույց տվեց, որ համապատասխանում է թիմին և ստացավ թիմում հանդես գալու հնարավորություն»:
Ինչ վերաբերում է հայկական և հունգարական ֆուտբոլների տարբերությանը, Հայկը նշեց, որ եվրոպական երկրում ֆուտբոլն ավելի լավ մակարդակի վրա է։
«Շատ ինտենսիվ ֆուտբոլ է այնտեղ, շատ է պայքարը։ Համեմատած մեր երկրի հետ մակարդակի տարբերությունը բավականին մեծ է։
Հունգարիայում ֆուտբոլն այժմ զարգանում է մեծ տեմպերով, նախորդ տարի ազգային հավաքականը հիանալի հանդես եկավ Ազգերի լիգայում, ներքին առաջնության թիմերն էլ լավ ելույթներ են ունենում եվրագավաթներում»:
Վերջում անդրադառնալով «Վիլյառեալի» հետ համագործակցությանը, «Նոայի» ներկայացուցիչը հայտնեց, որ իսպանական ակումբի հետ կհամագործակցի նաև «Դեբրեցենը»:
«Ինչպես մենք ենք շահագրգռված այս համագործակցությամբ, այնպես էլ «Վիլյառեալը»: Իսպանական գրանդը մեծ նպատակներ ունի այս տարածաշրջանի հետ կապված։
Որպես փոքր գաղտնիք նշեմ, որ «Դեբրեցենը» ևս համագործակցելու է «Վիլյառեալի» հետ և առաջիկայում հնարավոր է և՛ «Նոայից» և՛ «Դեբրեցենից» որոշ երեխաներ հնարավոր ստանան «Վիլյառեալի» ակադեմիայում մարզվելու»:
Հիշեցնենք, որ «Վիլյառեալի» հետ համագործակցության մասին «Նոան» հայտնել էր մոտ մեկ ամիս առաջ, իսկ օրեր առաջ կայացավ իսպանական ակումբի ներկայացուցիչների հետ համատեղ ասուլիս, որտեղ ներկայացվեցին համագործակցության մանրամասները։
©2022 Armenian Soccer