Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն սկսում է 2019/2020 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

Նոր մրցանակ, թեկնածուների ցանկ՝ միայն Հայաստանի առաջնության մասնակիցներից, քվեարկության նոր ձևաչափ:
Ինչպես հայտնում են ՀՖՖ լրատվկան ծառայությունից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը: Մրցանակը սահմանվել է ՀՖՖ-ի կողմից և նպատակ ունի արժևորելու Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստների և մարզիչների՝ մրցաշրջանի ընթացքում ունեցած ելույթներն ու կատարած աշխատանքը:
Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթի, այս մրցանակի հաղթողի հավակնորդների թվում չեն ընդգրկվում ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները և ազգային ու տարբեր տարիքային հավաքականները ներկայացնող մարզիչները: Հավակնորդներն են ոչ թե օրացուցային տարվա, այլ մրցաշրջանի ընթացքում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, ինչպես նաև եվրագավաթներում առավել աչքի ընկած ֆուտբոլիստները և մարզիչները: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ լավագույն մարզչի հավակնորդների ցուցակին՝ այստեղ:
Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները: Քվեարկության իրավունք ունեցող լրատվամիջոցների ցանկը՝ այստեղ:
Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք և կարող է քվեարկել միայն մեկ անգամ: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ, իսկ լավագույն մարզչի կարգին՝ այստեղ:
Ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված մրցույթների, այս անգամ կարիք չկա քվեարկության արդյունքները փակ ծրարով ներկայացնել ՀՖՖ: Լավագույն ֆուտբոլիստի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել ՀՖՖ կողմից կազմված ձևաթուղթը՝ անցնելով հետևյալ հղումով, իսկ լավագույն մարզչի օգտին քվեարկելու համար՝ հետևյալ հղումով:
Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հուլիսի 29-ը՝ ժամը 18:00: Անվավեր են համարվելու այն քվեաթերթիկները, որոնք լրացված կլինեն քվեարկության կարգերի մեջ առկա դրույթների խախտումով:

©2020 Armenian Soccer