Ի պատասխան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարցման՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ուղարկել է գրություն ՀՀ Առաջին խմբի առաջնության՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած «Տորպեդո»- «Մասիս» խաղի վերաբերյալ:
Գրության մեջ նշված է, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան գործողությունների արդյունքում հավաքագրված տվյալների համաձայն՝ «Մասիս» ՖԱ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ֆուտբոլիստները, նախնական համաձայնությամբ, ունենալով իրական հնարավորություն կանխորոշելու «Տորպեդո»-«Մասիս» հանդիպման խաղի ելքը, դիտավորությամբ կանխորոշել են վերոնշյալ խաղի ելքը՝ հօգուտ «Տորպեդո» թիմի:
ՀՀ ԱԱԾ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Մասիս» ՖԱ փաստացի ղեկավար, Լատվիայի հանրապետության քաղաքացի Կիրիլս Պավելի Գրիգորովսը նույն ակումբի ֆուտբոլիստներ Ալեքսեյ Ռոմանի Կուչինին և Ռենան Հեկտոր Ալվես Սալդանահին ակումբների խաղի արդյունքների վրա ազդելու նպատակով, առաջարկել է տալ կաշառք և համաձայնության գալով Ա. Կուչինի հետ՝ խաղի ընթացքում հրահանգել 2 գոլից ավել բաց թողնելու անհրաժեշտության վերաբերյալ: Դրանից հետո Ա. Կուչինն իր գործողություններով կանխորոշել է խաղի ելքը ձեռնտու՝ 0:3 հաշվով՝ հօգուտ «Տորպեդոյի» :
2019 թվականի նոյեմբերի 4-ին Կ. Գրիգորովսը և Ա. Կուչինը քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Վերջիններիս հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:
©2020 Armenian Soccer