Ապրիլի 29-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեն քննարկեց ՀՀ բարձրագույն և 1-ին խմբերի առաջնությունների, ինչպես նաև Vbet Գավաթի խաղարկության վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի հնարավոր ժամկետները:
Քննարկման արդյունքում մշակվեցին առաջնությունների ժամկետների և ձևաչափերի հնարավոր փոփոխման մի քանի նախնական՝ աշխատանքային տարբերակներ: ՀՖՖ աշխատակազմին առաջարկվեց մոտակա օրերի ընթացքում նշված նախնական տարբերակները քննարկել ՀՀ Պարետատան հետ: Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում կներկայացվեն Պարետատան հետ քննարկման արդյունքները, ինչի հիման վրա կկայացվի առաջնությունների վերսկսման հետ կապված վերջնական որոշում:
Օրակարգի մեկ այլ հարցով Գործադիր կոմիտեն քննարկեց ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի հնարավոր փոփոխության հարցը՝ հաշվի առնելով ՖԻՖԱ-ի կողմից ստացված այն խորհրդատվականը, համաձայն որի ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում ազգային ֆեդերացիաները բացառության կարգով այս տարի կարող են փոփոխել նախկինում սահմանված ժամկետները: Որպես աշխատանքային տարբերակ՝ դիտարկվեց ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի սկիզբը և ավարտը հետաձգել մեկական ամսով: Այնուամենայնիվ, Գործադիր կոմիտեն միակարծիք էր, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի միայն առաջնությունների վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի ժամկետների վերջնական հստակեցումից հետո:
Գործադիր կոմիտեն կայացրեց նաև մի շարք որոշումներ: Մասնավորապես, որոշվեց ստեղծել Բժշկական կոմիտե (ժամանակավոր կոմիտե)՝ որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին: Կոմիտեի ստեղծման նպատակն է վերանայել ՀՖՖ բժշկական ծառայության գործող համակարգը և գործիքակազմը, Գործադիր կոմիտեի հաստատմանը ներկայացնել բժշկական ծառայության բարելավման, արդիականացման և հետագա ռազմավարական զարգացման ծրագիր:
Գործադիր կոմիտեի մեկ այլ որոշմամբ, կրկին որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվեց Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե (ժամանակավոր կոմիտե): Սահմանված ժամկետներում Փորձագիտական կոմիտեն պետք է ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ծավալի ներքին հետաքննություն պայմանավորված խաղերի հետ կապված հարցերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հավաքագրի հնարավոր ապացույցներ և մանրամասն հաշվետվություն ներկայացնի Գործադիր կոմիտեին:
Օրակարգի վերջին հարցով, ելնելով երկրում ստեղծված առկա օբյեկտիվ պատճառներից, հայտարարված արտակարգ դրությունից և առողջապահության առաջնահերթության հիմնավորումներից, Գործադիր կոմիտեն, հիմք ընդունելով ՀՖՖ Կանոնադրության 78-րդ հոդվածը, որոշում կայացրեց հետաձգել ՀՖՖ Հերթական Ժողովի անցկացումը և Ժողովի անցկացման ամսաթիվը տեղափոխել 2020 թվականի նոյեմբերի 3-ին:
©2020 Armenian Soccer