Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Թիմի մթնոլորտի առումով մեզ ոչ ոք չի կարող հաղթել»

Joaquin Caparros

 

ԱԱ2022–ի ընտրական փուլի Իսլանդիա–Հայաստան խաղի նախօրեին Ռեյկյավիկում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։

Մարզիչը ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների, որոնք կարճ ներկայացնում ենք ստորև:

 

Լուկաս Սելարայանի մասին

Ամենակարևորն այն է, որ նա մեծ խանդավառությամբ է եկել: Բավականին երկար ժամանակ է՝ ֆեդերացիան ջանքեր էր գործադրում, որ նա հավաքականին միանա: Սելարայանը կարող է իր փորձը փոխանցել հավաքականին, ինչը շատ կարևոր է, սակայն ֆուտբոլում պետք է բոլորը աշխատեն, որ թիմը հաջողություն ունենա: Այնպես որ, մենք չենք պատրաստվում Լուկասին դնել ճնշման տակ:

 

Կադրերի մասին

Ժիրայր Մարգարյանն ու Ալիկ Առաքելյանը բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում ու իրենց թիմի մեկնարկային կազմի խաղացողներ են: Քանիցս ասել ենք, որ հավաքականի դռները բաց են բոլոր ֆուտբոլիստների առաջ: Եթե տեսնենք, որ ինչ-որ մեկը լավ մարզավիճակում է, ապա անպայման կհրավիրենք:

Ինչ վերաբերում է Բիչախչյանի բացակայությանն, ապա նա լավ ֆուտբոլիստ է, ու մենք շարունակում ենք մեծ հույսեր կապել նրա հետ, բայց այս դիրքում մենք ունենք Մխիթարյան, Սպերցյան, Սելարայան, Վարդանյան:

Նույնիսկ Ադամյանը կարող է խաղալ այդ դիրքում և բոլորին չենք կարող հրավիրել հավաքական:

 

Իսլանդիայի հավաքականի մասին

Իսլանդիայի հավաքականը լիովին նվիրվում է խաղին: Այս հավաքականի որակները երևացին հենց առաջին խաղում: Սակայն եթե մենք լինենք մեր բարձրության վրա, ու մարզական բախտն էլ մեզ հետ լինի, կարող ենք հասնել հաջողության:

 

Թիմի մթնոլորտի մասին

Թիմում գերազանց մթնոլորտ է: Դա մեր ուժեղ կողմերից  է: Մենք հասկանում ենք, որ կան հավաքականներ, որոնք մեզանից բարձր են, բայց այս առումով մեզ ոչ ոք չի կարող հաղթել:

©2021 Armenian Soccer