Մինչ նոր մրցաշրջանի մեկնարկը՝ Երևանի «Ուրարտու-2»-ը շարունակում է ստուգողական հանդիպումներ անցկացնել։ Թիմի պաշտպան Էրիկ Փիլոյանի հետ ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է թիմում ընդգրկված երիտասարդ ֆուտբոլիստների, մեկնարկող մրցաշրջանի ու թիմի մարզավիճակի մասին։
ԹԻՄԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՒ ՆՈՐԵԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Թիմի կազմն այժմ, կարելի է ասել, փոխվում է։ Նորեկներ ունենք, որոնք իրենց մակարդակով գրեթե չեն զիջում մեզ։ Երկու ընկերական խաղ ենք անցկացրել, դեռ որոշ բաներ պետք է շտկենք մեր խաղում, բայց ընդհանուր առմամբ նախապատրաստությունը լավ է ընթանում։ Տղաների հետ պետք ավելի շատ հանդիպումներ անցկացնենք, միմյանց լավ հասկանանք խաղադաշտում, և ինձ թվում է՝ որոշ ժամանակ անց՝ արդեն առաջնության միջնամասում լիարժեք թիմ կունենանք»։
ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Արդեն ինչ-որ չափով պատրաստ ենք մրցաշրջանին, մարզչին ընտելացել ենք, հասկացել, թե ինչ է ուզում նա տեսնել խաղադաշտում։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք առաջին խաղում և մեզ համար նախևառաջ հոգեբանական առավելություն ապահովենք, ինչը մրցաշրջանի մեկնարկում շատ կարևոր է»։
ԱՌԱՋԻԿԱ ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ
«Բոլորս էլ գիտենք, որ «Սևանը» թույլ թիմ չէ, այնտեղ բավական փորձառու ֆուտբոլիստներ կան, նախորդ տարի էլ խաղացել ենք նրանց հետ, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է թերագնահատենք ինքներս մեզ։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք այդ խաղում»։
ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՈՒ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Առաջին հերթին պայքարելու ենք որքան հնարավոր է բարձր հորիզոնականներ զբաղեցնելու, ինչու չէ նաև չեմպիոն դառնալու համար։ Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք արդարացնել թե՛ մարզչի, թե՛ երկրպագուների հույսերը։ Ամենակարևորը՝ լավ տրամադրվենք, փորձենք ներդնել ամբողջ ուժերն ու լավագույնս հանդես գալ նոր մրցաշրջանում»։
©2020 Armenian Soccer