Ընդամենը մեկ օրից՝ սովորականից գրեթե մեկուկես ամիս ուշացումով, հայկական թիմերը կմեկնարկեն եվրագավաթային մրցաշարերում:
Կիպրոս, Ղազախստան, Մակեդոնիա, Ռումինիա… Այսպիսին է մերոնց՝ այս մրցաշրջանի աշխարհագրությունը:
Աշխարհագրություն ասած այս դեպքում բացառապես մետաֆորիկ իմաստ ունի՝ ՈւԵՖԱ-ի որոշմամբ 2020-ին եվրագավաթային դիմակայություններն անցկացվելու են մեկական հանդիպման շրջանակներում, վիճակահանությամբ են ընտրվելու մրցատեղիներն, իսկ տրիբունաներն էլ դատարկ են լինելու, ինչը հանրագումարում բերում է այդ «աշխարհագրության» որոշակի նեյտրալիզացմանը:
Առհասարակ 2020 թ-ի ֆուտբոլային կյանքում աշխարհը պատուհասած COVID-19-ը շատ շտկումներ մտցրեց: Ու հարցը միայն ժամկետներն ու ֆորմատը չէ, այլև՝ թիմերի պատրաստվածությունը:
Հայկական թիմերը, մեծ հաշվով, չհասցրեցին էլ «կտրվել» նախորդ՝ արդեն ավարտված մրցաշրջանից ու մուտք գործել նորը: Հայաստանի չեմպիոն՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մեր ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան», ընդամենը 1 շաբաթ առաջ՝ օգոստոսի 9-ին, նախ վիճակահանության արդյունքում ծանոթացավ իր մրցակից՝ կիպրական «Օմոնիայի» հետ, ապա՝ նույն օրը երեկոյան արդեն փաստացի առաջին «նախապատրաստությունները» տեսավ այդ խաղին ընդառաջ՝ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի հանդիպման շրջանակներում հանդիպելով «Նոայի» հետ:
Ու թեև «Նոայի» հետ խաղը որևէ կերպ հաջող փորձ չես անվանի, ճիշտ ինչպես օգոստոսի 14-ին մեկնարկած VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի գոլազուրկ հանդիպումն «Ալաշկերտի» հետ, սակայն հարկ է նշել, որ մեր չեմպիոնի համար եվրագավաթային վիճակահանությունն ու դրանից բխող կանխատեսումները դրական են:
Կիպրոսի առաջնությունը COVID-ի պատճառով անավարտ մնաց, թիմերը ոչ մի պաշտոնական հանդիպում չեն անցկացրել մարտի 7-ից հետո, իսկ «Օմոնիայի» պարագայում ընկերական խաղերում իրենց առանձնակի հուսադրող արդյունքներ չեն գրանցվել:
Մեր չեմպիոնի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ վիճակահանության արդյունքում այս դիմակայությունն անցկացվելու է Երևանում՝ օգոստոսի 19, 19:00-ին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Հավելենք, որ կիպրոսցիների արգելքը հաղթահարելու դեպքում Դավիդ Կամպանյայի թիմը կմրցի «Լեգիա» (Լեհաստան) — «Լինֆիլդ» (Հս. Իրլանդիա) զույգի հաղթողի հետ, պարտության դեպքում մեր չեմպիոնը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլից:
«Արարատ-Արմենիայի»՝ 2020 թ-ի հիմնական ու գլխավոր մրցակից «Նոան», որն օրեր առաջ վերոնշյալ սուպերգավաթի խաղարկությունում, իսկ մոտ 1 ամիս առաջ՝ գավաթի եզրափակչում հաղթեց չեմպիոնին, իր պատմության մեջ եվրագավաթային առաջին վիճակահանության արդյունքում ստիպված կլինի ուղևորվել Ղազախստան: Իգոր Պիկուշչակի սաները օգոստոսի 27-ին կմրցեն «Կայրաթի» հետ: Ինչպես գրեթե ողջ ֆուտբոլային աշխարհը՝ Ղազախստանի առաջնությունը նույնպես ստիպված դադարեցվեց կորոնավիրուսի պատճառով: Մեկնարկային լիարժեք 3 տուրից հետո դրա մասնակից թիմերն անգամ ընկերական հանդիպումների անցկացման նորմալ հնարավորություն չունեցան: Միայն օրերս «Նոայի» մրցակիցները կարողացան ուժերը փորձել «Օրդաբասիի», «Ժետիսուի» և «Ատիրաուի» հետ ստուգողական խաղերում ու փորձարկել իրենց անվանի նորեկ Վագներ Լավին: Այս ընթացքում քանիցս առաջնության ռեստարտի փորձ արվեց, սակայն թիմերն այդպես էլ մարզադաշտ չհասան: Ըստ վերջին տեղեկությունների՝ ղազախական պրեմիեր-լիգան կմեկնարկի օգոստոսի 18-ին: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ չնայած ոչ ամենահաջող վիճակահանությանը՝ «Նոան» որոշակի առավելություն ունի տանտեր-մրցակցի հանդեպ: Ու, ինչպես թիմի գլխավոր մարզիչն է ասում. «…շատ դժվար կլինի, բայց այլ տարբերակ չունենք»:
Թերևս շատ դժվար չպիտի լինի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության բրոնզե մեդալակիր «Ալաշկերտի» համար: Ուկրաինայում մարզչական փորձառություն ձեռք բերած ու երևանյան ակումբն այս ամռանը գլխավորած Եղիշե Մելիքյանի սաները վիճակահանության արդյունքում օգոստոսի 27-ին սեփական հարկի տակ կմրցեն մակեդոնական «Ռենովայի» հետ: Այս թիմը COVID-ի պատճառով չավարտված առաջնությունում 4-րդն էր, իսկ օգոստոսի 8-ին նոր մեկնարկած մրցաշրջանի 2 խաղում ընդամենը 2 միավոր է վաստակել՝ խփելով միայն 1 գոլ: Այս ամենին եթե գումարենք այն փաստը, որ ալաշկերտցիների մյուս հավանական մրցակիցները վրացական «Սաբուրթալոն» ու բոսնիական «Ժելեզնիչարն» էին, ապա միանշանակ Մելիքյանի թիմի համար գրեթե իդեալական վիճակահանություն է տեղի ունեցել: Մնում է միայն ճիշտ խաղարկել բոլոր խաղաքարտերը:
Թերևս մեր միակ թիմը, որի թե՛ վիճակահանությունն ու թե՛ եվրագավաթային ճակատագիրը որևէ կերպ հուսադրող չեն, Գյումրիի «Շիրակն» է, ում որպես մրցակից բաժին է հասել ոչ ավել-ոչ պակաս՝ Ռումինիայի 26-ակի չեմպիոն «Ստյաուան»: Օգոստոսի 27-ին կայանալիք խաղի մրցավայր էլ վիճակահանությամբ ընտրվել է Բուխարեստը: «Շիրակի» եվրագավաթային անտեսանելի շանսերը, սակայն, միայն բարդ վիճակահանությամբ չեն պայմանավորված: Ընդհուպ մինչև վերջին տուրերը չեմպիոնության համար պայքարող ու բավական կասկածելի պայմաններում այդ հնարավորությունից զրկված «Շիրակը» միջմրցաշրջանային անչափ կարճ ժամանակահատվածում կորցրեց իր առանցքը. գլխավոր մարզիչն ու առաջատար ֆուտբոլիստները տեղափոխվեցին «Արարատ», բառացիորեն հաշված օրերի ընթացքում գյումրեցիները ստիպված եղան 2-րդ թիմից ու Հայաստանի առաջնության մյուս ակումբներից ֆուտբոլիստներ ներգրավել, ի հավելում այդ ամենի էլ՝ փոխվեց անգամ ակումբի նախագահը: Արման Սահակյանն իր որոշումը մարզային «Ցայգի» հետ զրույցում մեկնաբանեց այսպես. «Որպեսզի իմ եւ ՀՖՖ-ի աձնական հարաբերությունները չազդեն թիմի և ֆեդերացիայի վրա, իմ համար բարդ որոշում ենք կայացրել՝ լքում եմ «Շիրակի» նախագահի պաշտոնը… «Շիրակին» երկարաժամկետ ոչ մի վտանգ չի սպառնում։ Առաջիկա մրցաշրջանը կանցնենք և տեսնենք, թե ինչ կլինի հետագայում։ 10 տարում առաջին անգամ «Շիրակը» չեմպիոնական հավակնություն չունի»: Թերևս, Սահակյանի այդ վերջին նախադասությունը առավելապես թիմի երկրպագուներին էր ուղղված, ովքեր միշտ առավելագույնն են ակնկալում «Շիրակից» ու մեծ հույսեր էին կապում նաև եվրագավաթային այս խաղարկության հետ:
Կապրենք-կտեսնենք…
©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan