Armenian Soccer
Armenian Soccer

Գևորգ Ղազարյան. «Կարծում եմ, որ վաղը բոլորս պետք է փորձենք լինել առաջատար»

Նոյեմբերի 14-ին՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան խաղից ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

-Գևորգ, Եվրոպայի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո սոցցանցերում հայ երկրպագուների կողմից եղել են մեկնաբանություններ, որոնցում նրանք ուրախանում էին Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակով։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվել այդ խաղին, և կարծո՞ւմ եք՝ սա հոգեբանական առումով կարող է խանգարել Վրաստանին։
-Կարծում եմ, որ եղել են նաև երկրպագուներ, ովքեր երկրպագել են Վրաստանի հավաքականին։ Հոգեբանական առումով նման պարտությունից հետո Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստների համար միգուցե դժվար լինի, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, քանի որ մրցակիցն ուժեղ թիմ է և իր կազմում ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ։   

-Ինչպես գիտենք, Հայաստանի հավաքականի ավագը՝ Մխիթարյանը, չի կարողացել միանալ հավաքականին իր ակումբում տարածված կորոնավիրուսի պատճառով։ Այս պարագայում վաղվա խաղում դուք եք լինելու թիմի առաջատարը։ Պատրա՞ստ եք ստանձնել այդ պատասխանատու դերը։
-Ես պատրաստ եմ ստանձնել առաջատարի դերը, բայց կարծում եմ, որ վաղը բոլորս պետք է փորձենք լինել առաջատար և դաշտում լինենք որպես մեկ առաջատար թիմ։

-Հայաստանի ազգային հավաքականը կարո՞ղ է հաղթել վաղը, և մի քանի օր անց հաղթելով նաև Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն՝ այս խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։
-Այո, ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել թե՛ Վրաստանի, և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին։

-Հավաքականում խաղացել եք մի շարք մարզիչների օրոք: Ի՞նչ փոփոխություններ և նորամուծություններ է իր հետ հավաքական բերել Խոակին Կապառոսը:
-Մարտավարական որոշակի փոփոխություններ կան, մարզումների վրա ավելի շատ ուշադրություն ենք դարձնում դաշտում տակտիկական տեղաշարժերի և ճիշտ գոտիների վրա։

©2020 Armenian Soccer