Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի լուծենք մեր առջև դրված խնդիրը»

Նոյեմբերի 14-ին՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան խաղից ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

-Պարոն Կապառոս, Ձեր օրոք առաջին անգամ հավաքական է հրավիրվել Սարգիս Ադամյանը: Նա մինչ օրս լիարժեք չի իրացրել իր ներուժը հավաքականում: Կարելի՞ է ասել, որ նրանից առավելագույնը քաղելը Ձեր առաջնային նպատակներից մեկն է: Եվ արդյո՞ք նրան կարելի է դիտարկել որպես Ալեքսանդր Կարապետյանի փոխարինող հարձակման կենտրոնում։
-Իմ որոշման մասին կիմանաք վաղը։ Սարգիսը շատ որակյալ ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ ունեմ նման բարձրակարգ ֆուտբոլիստ։

-Վրաստանի և Էստոնիայի դեմ վերջին խաղերում Հայաստանի հավաքականը գոլի հեղինակ դարձավ խաղի սկզբնամասում՝ 6-րդ և 8-րդ րոպեներին գերազանց հակագրոհների շնորհիվ: Հաշիվը բացելուց հետո հավաքականի խաղը պասիվ ընթացք ստացավ: Մեր թիմը չկարողացավ ստեղծել գոլային ռեալ հնարավորություններ մինչ խաղի վերջնամասը: Չբացահայտելով ձեր խաղային ծրագիրը, ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը:
-Յուրաքանչյուր խաղ տարբեր է, և դժվար է ասել, թե որ դեպքում ինչպիսի ընթացք կունենա խաղը։ Ամեն դեպքում, հաշվի առնելով Վրաստանի հավաքականի բարձր մակարդակը՝ կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը լուծենք։

©2020 Armenian Soccer