Ձմեռային դադարի այս փուլում ֆուտբոլային ակումբները նախապատրաստվում են մրցաշրջանի գարնանային հատվածին/մեկնարկին և ընկերական-ստուգողական հանդիպումներ անցկացնում ուսումնամարզական հավաքների շրջանակներում:
Հայկական ակումբները դեռ լռում են իրենց ծրագրերի վերաբերյալ: Հայտնի է միայն, որ
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» կմեկնի ԱՄՆ։ Այս մասին երևանյան թիմը հայտնեց դեռ հոկտեմբերին՝ նշելով, որ հունվարին ուսումնամարզական հավաք կանցկացնի Միացյալ Նահանգներում:
Երեկ հայտնի դարձավ, որ մեր թիմերից «Արարատ-Արմենիան», որը վստահաբար գլխավորում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակն ընթացիկ առաջնությունում, ուսումնամարզական հավաք է անցկացնելու ԱՄԷ-ում: Ինֆորմացիան, սակայն, ոչ թե երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տարածեց, այլ՝ հայտնի դարձավ ի շնորհիվ սլովակական «Սլովանի», որի կազմը համալրել է մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը:
«Սլովանը» ուսումնամարզական հավաք է անկացնելու ԱՄԷ-ում, որի շրջանակներում էլ փետրվարի 1-ին կհանդիպի «Արարատ-Արմենիայի» հետ: «Սլովանի» մրցակիցներն են նաև «Ռիգան» և Մոսկվայի «Սպարտակը»:
©2021 Armenian Soccer