Armenian Soccer
Armenian Soccer

Պատանեկան հավաքականի 3 ֆուտբոլիստ ազատվել է պարտադիր զինծառայությունից

Gov

 

2022թ-ին ՀՀ կառավարությունն իր առաջին նիստի ընթացքում այսօր որոշում կայացրեց՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում հանդես եկող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին:

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերին ՀՀ Կառավարությունը հանրային քննարկման էր ներկայացրել Հայաստանի ազգային, երիտասարդական ու պատանեկան հավաքականների 6 ֆուտբոլիստի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշման նախագիծը:

Խոսքը գնում էր U21 հավաքականի անդամներ Ռոբերտ Դարբինյանի, Յուրի Օգանեսյան, Անտոնի Կազարյանի և Ղազար Դերմեջյանի, ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Դանիելյանի ու U19 թիմի ֆուտբոլիստ Նարեկ Մանուկյանի մասին:

Ռոբերտ Դարբինյանի մասով խմբագրում է առաջարկել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ վերջինիս՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ կարգավորումներ նախագծով չեն նախատեսվում:

ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրություններն էլ հանգեցրել են դիտարկմանը, որ Արթուր Դանիելյանի և Նարեկ Մանուկյանի՝ ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն ստանալու փաստը հիմնավորող որևէ արժանահավատ փաստաթուղթ նախագծին կից չի ներկայացվել:

 

©2021 Armenian Soccer