Արմեն Նահապետյան. «Պետք է նվիրվես ֆուտբոլին, որպեսզի կարողանաս ինքդ քեզ համար ճանապարհ ստեղծել»
#YoungArmenianTalents #YoungTalents
Armenian Soccer-ի #YoungArmenianTalents շարքի հերթական հարցազրույցն անցկացրել ենք Հայաստանի կրկնակի չեմպիոն, «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի եզրային հարձակվող Արմեն Նահապետյանի հետ:
— Բարձրագույն խմբում նորամուտդ նշել ես 17 տարեկանում, իսկ երկրորդ խաղումդ դարձել ես գոլի հեղինակ: Հիշու՞մ ես այդ պահերը:
— Իհարկե հիշում եմ, կարծում եմ՝ դժվար է մոռանալ առաջին գոլը: Փոխանցում ստացա Էրիկ Պետրոսյանից և գրավեցի դարպասը:
— Համարվում էիր «Փյունիկի» տաղանդավոր սաներից մեկը, սակայն մեկնարկային մրցաշրջանից հետո տեղափոխվեցիր «Ավան Ակադեմիա»: Ո՞րն էր պատճառը:
— Այդ ժամանակ խաղում էինք Մ19 տարեկանների հավաքականում: Մեր դեմ հստակ առաջադրանք կար դրված, որ պետք է դուրս գանք Եվրոպայի առաջնության խմբային փուլ: Այդ ժամանակ ստեղծվեց «Ավան-Ակադեմիա» թիմը, որտեղ խաղում էին Մ19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը, այդ պատճառով որոշեցի ես էլ միանալ թիմին: Բացի այդ, շատ լավ ճանաչում էի մարզչին, նա դավանում էր այն ֆուտբոլը, որը որ ինձ էր հոգեհարազատ, դա էլ մեծ ազդեցություն ունեցավ որոշում կայացնելիս:
— Ո՞ր տարիքից էիր հաճախում «Փյունիկի» դպրոց: Ինչպե՞ս որոշեցիր, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ես դառնալու:
— 7 տարեկանից հաճախում եմ ֆուտբոլի: Դեռ մանկուց ֆուտբոլի հանդեպ յուրահատուկ սեր եմ ունեցել: Երազում էի ֆուտբոլիստ դառնալ, այլ մասնագիտության մեջ ուղղակի ինձ չէի տեսնում:
— Մարզիչները միանգամից քեզ հարձակման եզր տարա՞ն:
— Փոքր տարիքում խաղում էի կենտրոնական հարձակվողի դիրքում, բայց ժամանակի ընթացքում սկսեցի հանդես գալ եզրային կիսապաշտպանի դիրքում:
— 2017/18 մրցաշրջանում լավագուններից մեկն էիր առաջին դիվիզիոնում: Սպասու՞մ էիր, որ հաջորդ մրցաշրջանում կհաստատվես Բարձրագույն խմբում:
— Այդ մրցաշրջանն ինձ համար շատ լավ ստացվեց, թե՛ գոլեր էի խփում, թե՛ գոլային փոխանցումներ կատարում: Եթե անկեղծ լինեմ, սպասում էի, որ հաջորդ մրցաշրջանում կհաստատվեմ Բարձրագույն խմբում:
— Միգուցե հասակիդ ու խաղային դիրքիդ պատճառով քեզ նմանեցնում եմ Լիոնել Մեսսիին: Ի՞նչ կասես նրա խաղի մասին: Ո՞վ է սիրածդ ֆուտբոլիստը քո խաղային դիրքում:
— Իհարկե շատ հաճելի է, երբ իմ խաղը նմանեցնում են իմ կարծիքով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խաղին: Ինձ համար Լիոնել Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Մի շարք ֆուտբոլիստներ կան իմ խաղային դիրքում, ում սիրում եմ, բայց կառանձնացնեմ Բեռնարդու Սիլվային, Սադիո Մանեին և Մուհամեդ Սալահին:
— Գավաթի եզրափակչից ընդամենը օրեր անց դարձար Հայաստանի կրկնակի չեմպիոն: Զգացողությունները նու՞յնն են ինչ առաջին չեմպիոնության ժամանակ:
— Չեմպիոն դառնալը միշտ է հաճելի: Գրեթե նույն զգացողություններն եմ ունեցել, բայց այս տարի մեզ չեմպիոնությունն ավելի բարդ տրվեց, ավելի շատ թիմեր էին պայքարում չեմպիոնության համար: Իսկ երբ ինչ-որ բանի դժվարությամբ ես հասնում՝ ավելի ես կարևորում դրա նշանակությունը:
— Առհասարակ, որպես երիտասարդ ֆուտբոլիստ՝ ի՞նչ ես կարծում, Հայաստանում երիտասարդների համար դժվա՞ր է ֆուտբոլային ճանապարհ հարթել:
— Ֆուտբոլիստի կարիերայում հեշտ ճանապարհներ չեն լինում, դա պետք է հստակ իմանալ: Պետք է շատ աշխատես, միշտ ուշադրություն դարձնես մարզավիճակիդ: Շատ բաներ պետք է ուղղակի մի կողմ դնես ու նվիրվես ֆուտբոլին, որպեսզի կարողանաս քեզ համար ճանապարհ ստեղծել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստն ինքն է իր քրտնաջան աշխատանքի և նվիրվածության շնորհիվ ստեղծում իր ճանապարհը:
— Ինչպե՞ս ես պատկերացնում ֆուտբոլային ապագադ: Ի՞նչ երազանքներ ունես և ի՞նչ նպատակներ ես դրել քո առջև ֆուտբոլային կարիերայի ընթացքում:
— Հիմնական նպատակս է դառնալ հանրահայտ ֆուտբոլիստ: Իսկ այս պահին իմ առջև նպատակ եմ դրել հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական և ամրապնդվել հիմնական կազմում:
©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan
Images: FC Ararat-Armenia, Armen Nahapetyan, VivaroBet