ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից՝ Երևանի «Ուրարտուի» չեմպիոնական 2013/14 մրցաշրջանի բոլոր 28 խաղերում էլ 28-ամյա Արթուր Թորոյանն էր պաշտպանում թիմի դարպասը։ Այդ տարի նա և «Արարատի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը ամենից քիչ գոլերը բաց թողեցին ողջ առաջնության ընթացքում։ Թորոյանի հուսալի խաղը նկատեցին նաև ՀՀ ազգային հավաքականում ու կանոնավոր կերպով սկսեցին հրավիրել երկրի գլխավոր թիմ ։
Հաջող մրցաշրջանից հետո 150հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող Թորոյանը ֆուտբոլային ռադարից կարծես թե անհետացավ, հիմա նա ապրում է Ֆրանսիայում, իսկ կարիերան շարունակում է տեղի ակումբներից մեկում:
ՖՈՒՏԲՈԼԻՑ ԶԱՏ, ՆԱԵՎ ՈՒՍԱՆՈՂ ԵՄ
— Գիտենք, որ Հայաստանում չես բնակվում։ Որտե՞ղ ես և ինչո՞վ ես զբաղվում։
— 2015 թվականից բնակվում եմ Ֆրանսիայում։ Սկսեցի հանդես գալ Լիմոժ քաղաքի համանուն թիմում։ Ճիշտ է, հիմա ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի շարունակում ելույթները, բայց ամենայն հավանականությամբ մյուս տարվանից ակումբը կվերսկսի գործունեությունը։ Երբ եկա Ֆրանսիա, թիմն այդ ժամանակ հանդես էր գալիս Ֆրանսիայի հզորությամբ 5-րդ լիգայում, բայց կարողացանք այդ տարի զբաղեցնել առաջին հորիզոնականն ու բարձրանալ 4-րդ լիգա։ Հետո սկսվեցին ֆինանսական խնդիրները, թիմն էլ ավտոմատ կերպով հետաճ գրանցեց։
— 5-րդ լիգան պրոֆեսիոնա՞լ առաջնություն է, թե՞ սիրողական կարգավիճակ ունի։
— Ֆրանսիայում 5-րդ լիգայից սկսած թիմերն ավելի շատ պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեն, քան սիրողական։ Մարզվում ենք ամեն օր, այն էլ բավականին ինտենսիվ կերպով։ Կարող եմ ասել, որ պարապմունքները ոչնչով չեն զիջում այն աշխատանքին, որն իրականացնում են Հայաստանում՝ Բարձրագույն խմբի առաջնության թիմերում։ Ֆիզիկական պատրաստվածությանը Ֆրանսիայում ավելի մեծ ուշադրություն են դարձնում, հատկապես նախապատրաստական շրջանում։ Այս մակարդակի թիմերը մեծ կարևորություն են տալիս հատկապես Ֆրանսիայի գավաթի խաղարկությանը։ Թիմերը Լիգա 1-ի կամ Լիգա 2-ի ներկայացուցիչների հետ խաղալու հնարավորություն են ստանում, իսկ դա լրացուցիչ շարժառիթ է ցանկացածի համար։ Հենց դրանով է պայմանավորված, որ անակնկալները Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում շատ են լինում։
— Իսկ այժմ որտե՞ղ ես խաղում։
— Պետք է նշեմ, որ ես նաև սովորում եմ Լիմոժ քաղաքի համալսարանում։ Քանի որ տեղի ակումբը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, իսկ ես էլ դեռ ուսանող եմ՝ հասկանալի է, որ չեմ կարող քաղաքս փոխել ու այլ ակումբում խաղալ։ Այստեղ ևս մեկ թիմ կա, որի անունն է «Պանազոլ»։ Մարզավիճակս պահպանելու համար մարզվում եմ նրանց հետ։ Այս տարվա դեկտեմբերին կավարտեմ ուսումս ու կունենամ սպորտային մարզչի որակավորում։
— Ուզո՞ւմ ես մարզչական գործունեություն ծավալել։
— Դարպասապահների մարզչի արտոնագիր ունեմ, որը ստացել եմ անցյալ տարի, բայց ներկայիս կրթությունը, որը ստանում եմ ինձ հնարավորություն է տալիս չսահմանափակվել միայն ֆուտբոլով։ Կարող եմ լինել ֆիզիկական պատրաստվածության մարզիչ, ֆիթնես մարզիչ։ Ուսումս լայն հնարավորություններ է ընձեռնում։
©2020 Armenian Soccer