Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ծավալուն հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նախորդ մրցաշրջանում թիմի ունեցած ելույթներին, խոսել առաջիկա ծրագրերից ու պատմել այն փոփոխությունների մասին, որոնք սպասում են թիմին առաջիկայում․
ՆԱԽՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԴՐԱԿԱՆ ՊԱՀԵՐԻ ՄԱՍԻՆ
«Շատ ֆուտբոլիստներ առաջընթաց գրանցեցին, հասկանալի է, որ սա ինչ-որ չափով արհեստական քայլ էր, բայց մի քանիսի համար հնարավորություն ստեղծվեց ու առաջնության վերջնամասում խաղացին գլխավոր թիմի կազմում: Նրանցից ոչ ոք չընկրկեց. ինչ-որ մեկը խաղաց 3 խաղ, ինչ-որ մեկն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ։ Այս առիթով ես կարծում եմ՝ մենք չարեցինք սա ձևական ու պարզապես անելու համար, այլ տղաներն իսկապես ապացուցեցին, որ կարող են խաղալ Բարձրագույն խմբի առաջնությունում։ Կարո՞ղ են նրանք արդյունքի հասնել՝ դեռ դժվար թե, բայց տեղի ֆուտբոլիստների նման մեծ քանակը չի կարող չուրախացնել։ Նաև ԲԿՄԱ-ի հիմնական կորիզը մեր ակումբի սաներն են, թիմերի միջև կայացած խաղին ես ուշադիր հետևել եմ. կենտրոնական պաշտպանը, ձախ պաշտպանը, երկու կենտրոնական կիսապաշտպանները, իմ ազգանունն ունեցող հարձակվողն ինձ դուր եկան։ Ես նույնիսկ խնդրեցի հնարավորության դեպքում կենտրոնական պաշտպանին վերադարձնել մեր թիմ, որովհետև կարծում եմ՝ նա արդեն պատրաստ է անցկացնելու իր առաջին խաղը գլխավոր թիմի կազմում»։
ԻՆՉՈ՞Ւ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՅՍՔԱՆ ՇՈՒՏ ՍԿՍԵՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
«Մեկ պարզ պատճառով ենք սկսել այսպես ջանասիրաբար աշխատել, որովհետև մենք պետք է գիտակցենք, որ կարող է չհասցնենք մինչ առաջին տուրը լիարժեք կազմ ունենալ, իսկ այդ ժամանակ մեկնարկային կազմում պետք է տեղ գտնեն տեղի երիտասարդ ֆուտբոլիստները ու պատրաստ լինեն արդեն ոչ միայն արժանի երևալ խաղադաշտում, այլև կարողանան միավոր վաստակել։ Դրա համար մենք արդեն սկսել ենք նախապատրաստվել։ Սկսել ենք այն ժամանակ, երբ դեռ ոչ բոլորն են ավարտել խաղալը։ Բացի այդ, աշխատունակության տեսանկյունից ես ուզում եմ ապացուցել, որ մենք կարող ենք աշխատել ավելի շատ ու ավելի լավ, քան որևէ մեկը։ Այստեղ բանալի բառը ոչ թե «ավելի շատն» է այլ «ավելի լավը»-ը, սա է կարևոր մեզ համար: Այսպիսի պայմաններ ունենք, ինչպե՞ս կարող ենք չօգտվել դրանցից»։
ԱՌԱՋԻԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Մենք հրաժարվել ենք 11 ֆուտբոլիստի ծառայությունից։ Նրանց փոխարեն ծրագրում ենք թիմ վերցնել ոչ թե 11, այլ 8 ֆուտբոլիստի։ Ամեն դեպքում մենք ունենք ակադեմիա և մեծ թվով արտասահմանցիներ պետք չեն։ Մենք կարիք ունենք որակապես լավ լեգեոներների, բայց անպայման չէ, որ նրանց թիվը մեծ լինի։ Այս առումով մեզ մոտ կան սահմանափակումներ, հիմա պանդեմիա է, այդպես արագ ընտրություն չես կատարի, մոտ մեկ ամսից նոր մրցաշրջանը կմեկնարկի, բայց մենք արդեն կարող ենք ու պետք է հրավիրենք ֆուտբոլիստների, որոնք ավելի ուժեղ կլինեն նախորդներից։ Տվյալ պահին արտասահմանցիներից թիմում մնացել են Եվգենի Կոբզարը, որը արդարացրեց մեր հույսերը, Պիտեր Մուտումոսին, որն այս ժամանակահատվածում բացվեց ու դարձավ առաջնության ամենաուժեղ հենակետայիններից մեկը, ինչպես նաև Եվգենի Օսիպովը, որը հաստատեց իր առաջատարի որակները։ Արտասահմանցիներից նրանք են մնացել մեզ մոտ, այսինքն, մենք պետք է նորից թիմ ստեղծենք»։
©2020 Armenian Soccer