ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեզ հետ զրույցում ամփոփել է «Մրցաշրջան-2020»-ն ու պատմել առաջիկա ծրագրերի մասին․
«Մենք առաջին հերթին ուշադրությունը սևեռելու ենք մեր երիտասարդների վրա։ Ճիշտ է, նրանց քիչ խաղաժամանակ տրամադրեցինք, բայց դա պայմանավորված էր նրանով որ խաղերն էին քիչ։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է այս տարի հանդես գալիս «Ուրարտու-2»-ը, այնտեղ կան տղաներ, որոնց արդեն կարելի է ընդգրկել գլխավոր թիմում։ Օրինակ՝ Գոռ Լուլուկյանն ու Խարիտոն Այվազյանն արդեն գլխավոր թիմի ֆուտբոլիստներ են, Խարիտոնը լավ հնարավորություն ունի նույնիսկ ընդգրկվելու մեկնարկային կազմում։ Նա մրցակցակցելու է և իրական շանս ունի։
Ստրատեգիկ առումով այժմ պետք է մտածենք Գուզի բացակայության պայմաններում պաշտպանության կենտրոնը լրացնելու մասին, ինչպես նաև կարիք ունենք ևս մեկ հարձակվողի, այս պահին թիմում մաքուր հարձակվող միայն Ջոնել Դեսիրեն է։ Մեզ ևս մեկ հարձակվող է պետք, չնայած կարող ենք դիտարկել երկրորդ թիմից Սամվել Հակոբյանի ու Արթուր Միսկիրիջյանի տարբերակները, որոնց նույնպես կընդգրկենք մեր մարզումային գործընթացների մեջ։ Համալրելու տեսանկյունից դիտարկում ենք այդ երկու դիրքերը՝ կենտրոնական պաշտպանի ու կենտրոնական հարձակվողի»։
ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
«Մենք կսկսենք մարզումները հունվարի 6-ից։ Ուսումնամարզական բոլոր հավաքները կանցկացնենք Երևանում։ Մինչև առաջնության վերսկսումը միշտ կլինենք այստեղ։ Դրանում կան ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Ես ավելի շատ դրականն եմ տեսնում։ Երևանում նախապատրաստվելու միակ բացասական կողմն այն է, որ բարձրակարգ սպարինգ-մրցակիցների հետ հանդիպումներ անցկացնելու խնդիր կա։ Բայց ես այդ ժամանակահատվածում շեշտը դնում եմ թիմի նախապատրաստության վրա»։
©2020 Armenian Soccer