UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Արարատը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում 2:4 հաշվով զիջեց լեհական «Շլյոնսկին»:
Վարդան Բիչախչյանի թիմն ընդհանուր առմամբ բավական ակտիվ առաջին խաղակես անցկացրեց, ինչն արտացոլվեց անգամ դեղին քարտերի քանակով՝ ընդամենը 3 դեղին քարտ 1-ին կեսում և 3-ն էլ՝ «Արարատի» ֆուտբոլիստներին: Սակայն անգամ ակտիվ գործողությունները չփրկեցին արարատցիներին՝ ընդմիջման գնալու հետապնդողի դերում. 20-դ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո լեհերը գրավեցին մեր թիմի դարպասը:
2-րդ խաղակեսի սկզբում՝ 49-րդ րոպեին Խուան Բրավոն հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Հյուրերին ընդամենը 1 րոպե պահանջվեց ուժերի դասավորվածությունը վերականգնելու և ևս 20 րոպե՝ առավելությունը 2 գնդակի հասցնելու համար: 84-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը հույս ներշնչեց՝ գոլի հեղինակ դառնալով ու կրճատելով հաշվի տարբերությունը, սակայն համառ հյուրերը հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 1 րոպեին կրկին վերականգնեցին 2 գնդակ առավելության բալանսը՝ 2:4:
Այսպիսով, «Արարատը» տանը զիջեց «Շլյոնսկին»: Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 29-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին, Վրոցլավի մունիցիպալ մարզադաշտում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում UEFA-ն չեղարկել է արտագնա գոլերի առավելության գործոնը, ինչը նշանակում է, որ «Արարատը» միայն 2 գնդակի տարբերության խնդիր ունի:
©2021 Armenian Soccer