Armenian-Soccer-ը շարունակում է հարցազրույցների շարքը հայ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների հետ:
Այս անգամ զրուցել ենք Գյումրիի «Շիրակի» 20-ամյա հարձակվող Լյովա Մրյանի հետ:
#YoungTalents #YoungArmenianTalents
— Ի՞նչ է նշանկում գյումրեցի ֆուտբոլիստի համար 17 տարեկանում նորամուտը նշել «Շիրակի» առաջին թիմի կազմում:
— Իհարկե, հիանալի զգացողություն է, երբ քո տարիքային թիմից միանգամից տեղափոխվում ես առաջին թիմ: Շատ կարևոր ու անմոռանալի օր էր ինձ համար, երբ 2017թ.-ին «Արարատի» հետ գավաթային խաղում նորամուտս նշեցի հիմնական թիմում:
— Ո՞ր տարիքից ես սկսել զբաղվել ֆուտբոլով:
— Մանկուց զբաղվել եմ ֆուտբոլով. 9 տարեկանից գնացել եմ մարզումների: Մեր ընտանիքը ֆուտբոլային է. հայրս և պապս ֆուտբոլիստներ են եղել, ես էլ գնացել եմ նրանց հետքերով:
— Գյումրեցի ո՞ր ֆուտբոլիստն է քեզ համար օրինակ: Իսկ համաշխարհային ֆուտբոլու՞մ:
— Գյումրեցի ֆուտբոլիստներից, իհարկե, Արթուր Պետրոսյանը: Իսկ համաշխարհային ֆուտբոլում՝ Կրիշտիանու Ռոնալդուն:
— Գյումրիում շատ զարգացած են նաև ուժային մարզաձևերը: Երբևիցե չես ցանկացե՞լ ուրիշ մարզաձևով զբաղվել:
— Մինչև ֆուտբոլը զբաղվել եմ ըմբշամարտով, բայց շարունակելու մասին չեմ մտածել, իմը չէր:
— 17 տարեկանում նորամուտդ նշեցիր Հայաստանի գավաթի խաղարկությունում, բայց թե՛ այդ, թե՛ հաջորդ մրցաշրջաններում չխաղացիր հիմնական կազմում: Վնասվածքնե՞րն էին խանգարում:
— Նորամուտից հետո մոտ երկու տարի անընդմեջ տարբեր վնասվածքներ էի ստանում: Այժմ արդեն ապաքինվել եմ, արդեն ամեն ինչ նորմալ է, ոչինչ չի խանգարում:
— Վարդան Բիչախչյանը նշել էր, որ վերջին ժամանակներում հաճախ ես վնասվածքներ ստանում, բայց կարծես դա անցյալում է: Ի՞նչ մարզավիճակում ես հիմա:
— Այո, վնասվածքները շատ են եղել իմ կարիերայում: Հիմա ինձ շատ լավ եմ զգում, մարզավիճակս էլ նորմալ եմ գնահատում:
— Իսկ ի՞նչ կասես Բիչախչյանի հետ աշխատանքի մասին:
— Կարծում եմ՝ Բիչախչյանը հավատում է իմ ունակություններին: Ես էլ փորձում եմ արդարացնել նրա վստահությունը: Շատ հաճելի է աշխատել նման մարզչի հետ:
— Հայաստանի այս մրցաշրջանի առաջնությունը լարված վերջաբան ունեցավ: Ի՞նչ կասես «Շիրակի» ելույթների մասին:
— «Շիրակը» շատ լավ ելույթ ունեցավ այս մրցաշրջանում: Կարծում եմ՝ մեր թիմն արժանի էր չեմպիոնության, ցավոք, վերջին խաղերում երևի ֆուտբոլային բախտն էր երես թեքել մեզանից:
— Ի՞նչ ֆուտբոլային երազանքներ ու նպատակներ ունես դրած քո առջև:
— Իհարկե, երազում եմ դառնալ հայտնի ֆուտբոլիստ, իսկ այս պահին նպատակներս կապված են միմիայն «Շիրակի» հետ:
— Հայաստանի Մ19 հավաքականում ընդամենը մեկ հանդիպման ես մասնակցել ու դարձել գոլի հեղինակ: Հիշու՞մ ես այդ խաղն ու գոլը:
— Հիշում եմ թե՛ խաղը, թե՛ գոլը: Հիանալի, էմոցիաներ էին, որոնք երբեք չեմ մոռանա: Ամեն ինչ պետք է անեմ, որ մի օր նորից հայտնվեմ Հայաստանի հավաքականում:
— Նախատեսվում էր, որ դու այդ հավաքականի կազմում պետք է մասնակցես 2019թ.-ի Եվրոպայի Մ19 առաջնության, սակայն նորից խանգարեցին վնասվածքները: Հետևու՞մ էիր թիմակիցներիդ ելույթներին այդ առաջնության ընթացքում:
— Սպասում էի, որ կհայտնվեի հավաքականում, բայց, ցավոք, չստացվեց: Իհարկե, հետևում էի առաջնության ընթացքին: Կարծում եմ՝ տղաները վատ ելույթներ չունեցան ուժեղ մրցակիցների դեմ, ավելի շատ փորձի պակասը խանգարեց արդյունքի հասնելու համար:
— Գյումրին չեմպիոնների քաղա՞ք է: Եթե այո, ե՞րբ է չեմպիոն դառնալու Լյովա Մրյանը:
— Իհարկե, գյումրեցիները չեմպիոն են: Հուսով եմ՝ շատ շուտով ես էլ կդառնամ չեմպիոն «Շիրակի» հետ միասին:
Images: SC Shirak, FFA, Lyova Mryan
©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan