Armenian Soccer
Armenian Soccer

«Խաղաղ» մրցակից Ուելսն ու Լատվիայի հետ առաջին պաշտոնական խաղը

Հունիսի 16-ին ու 19-ին Հայաստանի հավաքականը «Եվրո-2024»-ի ընտրական փուլի խմբային մրցաշարի շրջանակում երկու հանդիպում կանցկացնի։

Նախ մեր ընտրանին Ուելսում կհյուրընկալվի տեղի հավաքականին, ապա Հայաստանում կընդունի
Լատվիայի ընտրանուն։

Մինչև հանդիպումները վերհիշենք մեր ազգային թիմի վիճակագրությունն այս հավաքականների հետ խաղերում։

Ուելսի հետ Հայաստանի հավաքականը հանդիպել է 2 անգամ` կրկին Եվրոպայի առաջնության շրջանակում։
2001 թվականին կայացած հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքներով։ Նախ Հայաստանում գրանցվել է 2:2 հաշիվ, ապա մրցակցի հարկի տակ` գոլազուրկ ոչ-ոքի։

Այն ժամանակ Ուելսի կազմում հանդես էր գալիս տաղանդավոր ու լեգենդար Ռայան Գիգզը։ Իսկ այժմ քանի որ Ուելսի հավաքականում խաղերի ու գոլերի քանակով ռեկորդակիր Գարեթ Բեյլն ավարտել է կարիերան, նրանց գլխավոր աստղն «Արսենալի» երբեմնի առաջատար Աարոն Ռեմսին է։ Վերջինս ներկա պահին պաշտպանում է ֆրանսիական «Նիսի» գույները։

Ի տարբերություն Ուելսի, Լատվիայի հավաքականի հետ մեր ազգային թիմը դեռ պաշտոնական հանդիպում չի անցկացրել։
Փոխարենն ընտրանիները 2 անգամ մրցել են ընկերական հանդիպումների շրջանակում։

2009 թվականի փետրվարի 14-ին կայացած խաղում հաշիվն այդպես էլ չի բացվել, իսկ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին խաղում մրցակիցը հաղթել է 2:0 հաշվով։ Երկու հանդիպումներն էլ կայացել են Լատվիայում։
Այդ ժամանակ մեր հավաքականի ներկայիս կազմից խաղին մասնակցել են պաշտպաններ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Համբարձումյանը։

Դե ինչ, կարծես թե հետաքրքրություն է պետք մտցնել այս հավաքականների հետ խաղերում ու բացի դա մեր ընտրանուն հաղթանակներ են հարկավոր, որոնք գրանցելու հնարավորությունը մեր ներկայիս կազմն անշուշտ ունի։

Ուելսի հավաքականի հետ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին, իսկ Լատվիայի ընտրանու հետ խաղը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 20:00-ին։

Լիանա Հարությունյան

© Armenian Soccer 2023