Armenian Soccer
Armenian Soccer

«Սյունիք» ՖԱ-ն որոշել է չմասնակցել ՀՊԼ 2024/25 մրցաշրջանին

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտնել է ևս մեկ տարի Հայաստանի Առաջին խմբում հանդես գալու մտադրության մասին:

««Սյունիք» ֆուտբոլային ակումբը, թեպետ ՀՖՖ-ի կողմից ստացել էր 2024/25 թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու արտոնագիր, այս տարի Առաջին խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Հաշվի առնելով փաստը, որ մեր թիմը չկարողացավ նվաճել Առաջին խմբի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Կապանի «Լեռնագործ» ստադիոնը չի համապատասխանում Պրեմիեր լիգայի չափորոշիչներին, իսկ «Սյունիքը» սկզբունքային դիրքորոշում ունի տնային հանդիպումներն անցկացնել բացառապես հարազատ մարզում՝ շեշտը դնելով տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման վրա, ակումբը որոշում է կայացրել եւս մեկ տարի հանդես գալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։

«Սյունիք» ՖԱ ղեկավարությունը թիմի առաջ նպատակ է դրել գալիք մրցաշրջանն ավարտել առաջին հորիզոնականում և ոսկե մեդալներով տեղափոխվել Պրեմիեր լիգա»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Առաջին խմբի առաջնության 2023/24 մրցաշրջանի չեմպիոն դարձավ «Գանձասարը», որը կմասնակցի ՀՊԼ 2024/25 մրցաշրջանին:

© Armenian Soccer 2024