Armenian Soccer
Armenian Soccer

Specials | Interviews | Marcos (arm)

Armenian Soccer ինտերնետ կայքը ներկայացնում է Մարկոս Պիզելլի Պինեյրո-ի հարցազրույցը, որտեղ Փյունիկի եւ ազգային հավաքականի անդամը պատմում է իր մասին:

Բոլոր թերթերը , ինտերնետ — կայքերը , ամսագրերը կարող են օգտագործել այս նյութը՝ նշելով բնօրինակը – www.armenian-soccer.com: Իրավունք չկա օգտագործելու այս նյութը վաճառքի կամ այլ մարքետինգային նպատակներով :

 

AS. Նախ, շնորհավորում ենք «Բանանցի» նկատմամբ հաղթանակի կապակցությամբ:

Մարկոս. «Բանանցի» հետ հանդիպումը եզրափակչին արժանի խաղ էր, քանի որ հանգուցալուծումը տեղի ունեցավ վերջին վայրկյաններին: Սա ապացույց է, որ Հայաստանի առաջնությունը տարեցտարի ավելի որակյալ է դառնում:

AS. Պատմիր ծննդավայրիդ մասին: Ե՞րբ ես սկսել ֆուտբոլ խաղալ:

Մարկոս. Ծնունդով ես Սան Պաուլու նահանգի Piracicada- ից եմ , թեեւ մեծացել եմ ու այժմ էլ ապրում եմ նույն նահանգի Լեմե քաղաքում: Ֆուտբոլ սկսել եմ խաղալ իմ քաղաքի Լեմենսե ակումբի մանկական թիմում ու այնտեղ եմ անցկացրել 7-ից 16 տարեկան ժամանակահատվածս:

AS. Ո՞ր ակումբներում ես հանդես եկել մինչ Հայաստան գալդ:

Մարկոս. Լեմենսե , Գուրանի , Սան Կարլոս

AS. Եվ ինչպե՞ս ստացվեց, որ հրավեր ստացար «Արարատից»: Դա անակնկա՞լ էր քեզ համար:

Մարկոս. Այո, դա բավական մեծ անակնկալ էր: Ես ընդամենը 20 տարեկան էի ու նոր էի սկսել իմ կարիերան Բրազիլիայում: Այդ ժամանակ այնտեղ էր գտնվում նաեւ նախկին ԽՍՀՄ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը՝ իմ թիմի խաղը դիտելու համար: Ու հենց նա ինձ առաջարկեց դառնալ «Արարատի» ֆուտբոլիստ:

AS. Այդ ժամանակ Հայաստանի կամ հայերի մասին որեւէ տեղեկություն ունեի՞ր:

Մարկոս. Շատ քիչ ինֆորմացիա ունեի: Պարզապես գիտեի, որ Հայաստանը նոր պետություն է, որն առաջացել է ԽՍՀՄ փլուզումից հետո:

AS. Ի՞նչը քեզ դրդեց ընդունել հրավերը:

Մարկոս. Դա հրավեր էր Եվրոպա, որտեղ ես կարող եմ բավական լավ կարիերա կառուցել:

AS. Ու ո՞րն էր առաջին տպավորությունդ Հայաստանից:

Մարկոս. Հայաստանը Բրազիլիայից էապես տարբեր երկիր է: Այլ ժողովուրդ է, որ այլ կերպ է հագնվում: Բայց ամենամեծ փորձությունն ինձ համար հայաստանյան ձմեռներն էին: Պիտի խոստովանեմ, որ մինչ օրս էլ չեմ համակերպվել այստեղի ցուրտ ձմեռներին:

AS. Ինչպե՞ս անցան առաջին ամիսներն «Արարատում», հաղորդակցման ու ադապտաիայի խնդիրներ ունեցա՞ր:

Մարկոս. Մեծ թվով խնդիրներ առաջացան, քանի որ ես շատ հեռու էի գտնվում իմ երկրից: Այստեղ մի բրազիլացի տղա կար, ով ինձ օգնում էր հաղորդակցվել: Խաղն էլ հեշտ չէր տրվում, քանի որ թիմակիցներիս հետ չէի կարող շփվել: Բացի այդ, հայկական թիմերի տակտիկան լիովին տարբերվում է բրազիլականից: Հենց այս պատճառներով առաջին ամիսները բավական ծանր էին ինձ համար:

AS. Այժմ դու հայերեն խոսո՞ւ, ես, կարո՞ղ ես քեզ ինտեգրված համարել:

Մարկոս. Հայերեն լեզվի հիմունքները սովորել եմ: Հայաստանում ինձ ինտեգրված եմ համարում, քանի որ փաստացի ամեն ինչ հասկանում եմ: Հիմա ինձ համար բավական հեշտ է, քանի որ կարող եմ ազատ շփվել ու արտահայտել մտքերս:

AS. Դու որոշ ժամանակ խաղացել ես նաեւ ֆրանսիական AS Ararat Issy թիմում: Ի՞նչ կարող ես պատմել այդ թիմի մասին: Դա լու՞րջ նախագիծ է:

Մարկոս. Ինձ շատ լավ ընդունեին այդ թիմում, բայց այնտեղ շատ բան է պակասում՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ դառնալու համար:: Օրինակ, չկան դաշտեր, որտեղ կարելի է մարզումներ անցկացնել, պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր կարող են թիմը հասցնել ֆրանսիական ավելի բարձր լիգաներ:

AS. Երկա՞ր ես մտածել Հայաստանի ֆուտբոլային քաղաքացիությունն ընդունելու մասին, թե՞ այդ որոշումը քեզ հեշտությամբ տրվեց:

Մարկոս. Չէ՛, երկար չեմ մտածել, քանի որ ես երջանիկ էի ներկայացնել Հայաստանը: Որոշմանս նպաստեց նաեւ այն, որ իմ աշխատանքն այստեղ գնահատվում է:

AS. Ի՞նչ կարծիքի են բրազիլացիները այն ֆուտբոլիստների մասին, ովքեր ընդունում են այլ հավաքականներում ելույթ ունենալու հրավերները ինչպես, օրինակ, Էդուարդոն կամ դու:

Մարկոս. Հիմնականում այդ ֆուտբոլիստներին ոգեւորում են, խրախուսում, քանի որ Բրազիլիայում հազարավոր ֆուտբոլիստներ կան, ու նրանք իրենց հնարավորությունները ցուցադրում են այլ երկրներում, ինչպես ստացվեց իմ կամ Էդուարդոյի պարագայում: Այդ է պատճառը, որ բրազիլացի ֆուտբոլասերները միշտ աջակցում են այլ ֆուտբոլային քաղաքացիություն ընդունած խաղացողներին:

AS. Իսկ ինչպե՞ս ընտանիքդ ընդունեց քո՝ «հայաստանցի» դառնալու լուրը:

Մարկոս. Հենց սկզբից նրանք երջանիկ էին եւ փորձում էին աջակցել ինձ: Ի սկզբանե նրանք երջանի էին եւ փորձում էին աջակցել ինձ: Այժմ էլ, իմ կարծիքով, նրանք հպարտ են նրանով, որ ես կարողանում եմ օգնել Հայաստանի ազգային հավաքականին:

AS. Բոլորը տեսել են, թե ինչպես տոնեցիր քո գոլը Անդորրայի հետ խաղում ( համբուրելով ՀՖՖ տարբերանշանը ). Ի՞նչ է նշանակում քեզ համար Հայաստանի հավաքականում հանդես գալը:

Մարկոս. Դա նշանակում է, որ ինձ երբեւէ չճանաչած մարդիկ հավատացել են իմ ուժերին ու հնարավորություն են տվել՝ դառնալ Հայ: Ու դա թույլ է տալիս ինձ լիովին հայ զգալ: Այլ արձագանք խփածս գոլին լինել չէր կարող:

AS. Կնկարագրե՞ս հայկական ֆուտբոլը՝ համեմատելով բրազիլականի հետ:

Մարկոս. Դրանք տարբեր են թե՛ տակտիկապես ու թե՛ ուժային առումով: Հայաստանում հիմնականում խաղում են ուժային եւ արագ ֆուտբոլ, մինչդեռ Բրազիլիայում ֆուտբոլը տեխնիկապես ավելի զարգացած է, ուշադրություն է դարձվում գնդակի հետ աշխատելուն:

AS. Ունե՞ս սիրված թիմեր Բրազիլիայում, ու առհասարակ՝ աշխարհում:

Մարկոս. Դպրոցական տարիներից միշտ երկրպագել եմ «Կորինտիանս»-ին: Եվրոպական թիմերից ինձ դուր է գալիս անգլիական «Լիվերփուլը»:

AS. Ո՞ր եվրոպական առաջնությունում կցանկանայիր հանդես գալ առաջիկայում:

Մարկոս.Անգլիական Պրեմիեր լիգայում:

AS. Ունե՞ս հրավեր արտասահմանյան թիմերից:

Մարկոս. Այս պահին տեղեկություն չունեմ: Այժմ ես տրամադրված եմ օգնել «Փյունիկին»՝ նվաճել չեմպիոնական տիտղոսը:Առաջնությունն ավարտվելուց հետո կարելի է մտածել նաեւ այդ հարի շուրջ:

AS. Պատմիր ընտանիքիդ մասին: Մենք գիտենք, որ դու ամուսնացած ես…

Մարկոս. Այո, ես ամուսնացած եմ ու կինս շատ կարեւոր դերակատարություն ունի իմ կյանքում: Ինչ վերաբերում է իմ ընտանիքին, ապա այն բաղկացած է 5 հոգուց՝ ծնողներիցս եւ 2 եղբայրներիցս, որոնց շատ եմ կարոտում, երբ Հայաստանում եմ լինում:

AS. Կինդ մշտապես Հայաստանո՞ւմ է քեզ հետ:

Մարկոս. Այո՛, մենք միշտ միասին ենք Երեւանում:

AS. Ինչպիսի՞ն է բրազիլացու համար կյանքը Երեւանում:

Մարկոս. Ես շատ ազատ եմ զգում ինձ Երեւանում, կնոջս հետ հանգիստ զբոսնում ենք կամ ճաշում ռեստորանում: Շատ եմ սիրում ամռանը դրսում զբոսնել, բայց ձմռանը մնում եմ տանը կնոջս ու եւ մեր շան հետ: Իսկ Բրազիլիայում մենք հիմնականում ժամանակն անցկացնում ենք լողափում:

AS. Շնորհակալ ենք հարցազրույցի համար ու հուսանք, որ հաջորդ հարցազրույցը կլինի առաջնության ավարտի հետո:

Մարկոս. Մեծ հաճույքով, շնորհակալ եմ բոլորից:

_________________________________________________________________________________

Լուսանկարներ. TotalFootball (www.totalfootball.am) եւ Armenian Soccer սեփական արխիվ

©2010 Armenian Soccer