Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի հիմնական փուլի վիճակահանության արդյունքները:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով ֆուտզալի Հայաստանի հավաքականը հայտնվել է 6-րդ ընտրական խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։
«Բավական բարդ խմբում ենք հայտնվել։ Մրցակիցները, իրոք, ուժեղ են։ Գիտեինք, որ հիմնականում փուլում թույլ մրցակիցներ չեն լինում։ Ղազախստանը Եվրոպայում իր վարկանիշով երրորդ ընտրանին է․ մյուս երկուսը նույնպես բավական լավ հավաքականներ են, բայց մենք ունենք ուժեղ ընտրանի և փորձելու ենք ամեն ինչ անել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու համար»:
Հիշեցնենք, որ հիմնական փուլի տասը խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։
Հիմնական փուլի հանդիպումները կայանալու են 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 2025 թվականի ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում։ Մանրամասն խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:
© Armenian Soccer 2024