Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկի» 4 ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ

«Փյունիկը» երկարաձգել է դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի, պաշտպաններ Անտոն Բրատկովի, Սերգեյ Վակուլենկոյի և Միխայիլ Կովալենկոյի հետ պայմանագրերը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ժամանակն ու նրանց կատարած աշխատանքը ցույց տվեցին, որ կարևոր ֆուտբոլիստներ են մեզ համար։ Նրանք ապացուցեցին, որ համապատասխանում են «Փյունիկի» մակարդակին, այդ պատճառով որոշում ընդունվեց երկարաձգել պայմանագրերը։ Մենք երբեք չենք ցանկանա հրաժարվել այն ֆուտբոլիստներից, որոնց հետ ճանապարհ ենք անցել ու որոնք օգուտ են տվել թիմին։ Հիմա նրանց հետ միասին շարժվում ենք առաջ՝ դեպի նոր նպատակներ»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Ստանիսլավ Բուչնևը «Փյունիկին» միացել է 2020 թվականի ամռանըռուսական «Ֆակելից»: Նախորդ մրցաշրջանում Ստանիսլավը օգնել է թիմին դառնալ Հայաստանի չեմպիոն: Դարպասապահն ակումբում հանդես գալու ժամանակ ստացել է Հայաստանի քաղաքացիություն, հրավիրվել ազգային հավաքական ու իր նորամուտը նշել 2021-ի նոյեմբերին աշխարհի 2022թ. առաջնության որակավորման փուլի Գերմանիայի հետ խաղում։ Ընդհանուր առմամբ, «Փյունիկի» կազմում նա անցկացրել է 66 հանդիպում, որից 29-ում անառիկ է պահել դարպասը։

Անտոն Բրատկովը երևանյան ակումբ է տեղափոխվել 2021 թվականի ձմռանը՝ ուկրանիական «Մետալիստից»։ 2021/22 մրցաշրջանում «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալը: Ընդհանուր առմամբ, ուկրանիացի ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 67 հանդիպում:

Սերգեյ Վակուլենկոն «Փյունիկ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը` «Արարատ-Արմենիայից»: Ուկրաինացին «Փյունիկի» կազմում անցկացրել է 13 հանդիպում:

Միխայիլ Կովալենկոն նախորդ ամառ է համալրել չեմպիոնի կազմը` ռուսական «Դոլգոպրուդնիից»: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն հասցրել է մասնակցել 38 հանդիպման ու դառնալ 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

© Armenian Soccer 2023