Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» արձագանքել է «Նոայի»՝ ՀՖՖ ներկայացրած բողոքին

Այսօր հայտնի էր դարձել, որ «Նոան» «Փյունիկի» դեմ բողոք է ներկայացրել ՀՖՖ Էթիկայի և կարգապահական կոմիտե: Պատճառը «Փյունիկից» «Նոա» տեղափոխված 6 անչափահաս ֆուտբոլիստների հետ կապված՝ «Փյունիկի» գործողություններն են: Ավելի վաղ համացանցում լուսանկար էր հայտնվել, ըստ որի այդ ֆուտբոլիստների մուտքը «Փյունիկի» մարզաբազայի տարածք արգելված է:

«Փյունիկը» պաշտոնական պարզաբանում է տարածել «Նոայի» ներկայացրած բողոքի առնչությամբ:

«Հայտարարում ենք, որ մենք միտում չենք ունեցել վիրավորելու մեր ակադեմիայի նախկին սաներին: Եթե որևէ մեկը սա ընկալում է որպես վիրավորանք, ներողություն ենք խնդրում:

Ցանկանում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ 2024թ. ամառվանից մինչև այսօր «Նոա» ֆուտբոլային ակումբի սկաուտները «որսի են ելել» «Փյունիկի» մարզադպրոցի սաների նկատմամբ և անգամ բազմիցս մերժումներ ստանալուց հետո շարունակում են անհանգստացնել մեր երիտասարդներին:

«Փյունիկ» ՖԱ-ն նախաձեռնում է բոլոր հնարավոր միջոցները իր սաներին ոչ կոռեկտ գործողություններից պաշտպանելու ու ստեղծելու համապատասխան պայմաններ զարգացման համար:

Մեզ համար նման գործելաոճն անընդունելի է ու հակասում է հայկական ֆուտբոլային իրականությունում ընդունված էթիկական նորմերին:

Ցանկանում ենք առանձին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են «Նոայի» սկաուտների առաջարկներից ու պահպանում են հավատարմությունը «Փյունիկին»:

Միասին կշարունակենք պաշտպանել մեր արժեքները և շարժվել առաջ»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:

© Armenian Soccer 2024