Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ երևանյան խաղին ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
Սպասելիքները
«Հուսով եմ՝ վաղը լավ ու հետաքրքիր խաղ կցուցադրենք: Մենք, այսպես ասեմ, պարտքի զգացում ունենք երկրպագուների առաջ: Հյուսիսային Մակեդոնիայում կայացած խաղը այնքան էլ միանշանակ չէր. մենք պարտության արժանի չէինք: Բայց այդ էջն արդեն շրջել ենք: Պետք է կարողանալ արագ մոռանալ պարտությունները: Վաղվա խաղում ամեն ինչ կախված կլինի ֆուտբոլիստներից»:
Ֆարերյան կղզիների ընտրանու հետ խաղը
«Այդ խաղում չկար նվիրվածության խնդիր: Վարպետության պակաս էր: Այսպիսի խաղերում միայն նվիրումը քիչ է, վարպետություն էլ է պետք: Այդ խաղում Լուկասն ու Ռանոսը ունեցան պահեր, երբ կարող էին պարզապես կասեցնել գնդակն ու գոլ խփել: Այսպիսի խաղերում նման սխալները չեն ներվում: Սա ուղղակի ֆուտբոլիստների անհատական վարպետությունն է: Նման խաղերում վարպետություն է անհրաժեշտ, հատկապես անհատական դրվագներում»:
Հիշեցնենք՝ Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 20։00-ին։
Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն ունի 7 միավոր: Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդն է, Լատվիան հավաքել է 3, իսկ Ֆարերյան կղզիները՝ 2 միավոր:
© Armenian Soccer 2024