Armenian Soccer
Armenian Soccer

«Միանում ենք հանրության կարծիքին». Red Eagles-ը հայտարարություն է տարածել

Հայաստանի ազգային թիմերի Red Eagles (Կարմիր Արծիվներ) ֆան շարժումը ևս հայտարարություն է տարածել հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ միանում է երկրպագուների ու հանրության կարծիքին և պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

«2023թ. դեկտեմբերի 23-ի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ մեր ֆան ակումբը հանդես էր եկել հայտարարությամբ ՀՖՖ նախագահի թեկնածու, այժմյան նախագահ Արմեն Մելիքբեկյանին չսատարելու պատճառների մասին։ Հայտարարությամբ ընդգծված խնդիրների վերաբերյալ հետագայում ոչ միայն չունեցանք մեկնաբանություն (երևի թե ասելիք չկար), այլև այդ խնդիրները այսօր ստացել են բառի ամենավատ իմաստով նոր որակ ու նշանակություն: ՀՖՖ նախագահի ընտրություններին նախորդած ելույթի ժամանակ Արմեն Մելիքբեկյանը խոսեց ապագայի համար ցանված սերմերից. հիմա հարց՝ այդ սերմերի պտուղը խայտառակությունն է՞։ Նա խոսեց չստացվածի համար ներդրվող ջանքերից. հաջորդ հարցը՝ չստացվածը ֆուտբոլի կործանումն է Հայաստանում՞, եթե այո, ուրեմն դա հաջողվում է անել։ Այդ անիմաստ ելույթները ընդամենը խոստումներ են, որոնցով կկերակրեք հանրությանը կարճ ժամանակ, իսկ երկրպագուներիս՝ երբեք, որովհետև չենք հավատում։ Իսկ պետրակովյան հեռացումները քավության նոխազ չեն կարող լինել, քանի որ խնդիրը միայն նա չէր, խնդիրները համակարգային են։
«Կարմիր արծիվներ» ֆան շարժումը միանում է հանրության կարծիքին, միանում է ֆուտբոլի ամենակարևոր շահառուների՝ երկրպագուների միասնական կարծիքին՝ պահանջելով ՀՖՖ ղեկավարության հրաժարականը հանուն մեր սիրելի երկրում մեր սիրելի խաղի զարգացմանն ու առաջընթացին»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերել ենք առանց որևէ փոփոխության:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ֆուտբոլային թիմերի ֆան ակումբներն էին հայտարարել ՖԱՖ-ի պահանջին միանալու մասին:

© Armenian Soccer 2024