Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրում Երևանի «Նոան» արտագնա խաղ կանցկացնի ավստրիական «Ռապիդի» հետ։
Այսօր Վիեննայում կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի ու կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարի նախախաղային ասուլիսը։
«Երբևէ որևէ ակումբում տեսածս լավագույն մթնոլորտ է հիմա թիմում։ Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Բոլորն, իհարկե, շատ երջանիկ են: Մենք հիմա շատ լավ իրավիճակում ենք: Մենք մեկ թիմ ենք, մեկ ընտանիք՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Այս խաղին պատրաստվել ենք այնպես, ինչպես յուրաքանչյուրին. այստեղ ենք եկել ֆուտբոլ խաղալու և հաղթելու համար»,- նախախաղային ասուլիսի ընթացքում ասել է Իմրան Ուլադ Օմարը:
«Մենք շատ լավ մարզավիճակում ենք: Ինչպես գիտեք՝ միայն Գամբուշն է բացակայում, մյուս տղաները հարյուր տոկոսով պատրաստ են խաղին: Մեր ամբողջ կազմը պատրաստ է խաղին: Գիտենք, որ «Ռապիդը» շատ բարձրակարգ թիմ է և այսպիսի մրցաշարերի մասնակցության մեծ փորձ ունի: Ամեն անգամ խաղադաշտ դուրս գալով՝ մեր նպատակն է ներդնել այն ամենն, ինչ ունենք ու փորձել երեք միավոր վաստակել: Վաղվա խաղն էլ բացառություն չի լինի:
Իհարկե, «Մլադա Բոլեսլավն» ու «Ռապիդը» բոլորովին տարբեր թիմեր են: Ամենայն հարգանքով «Մլադայի» հանդեպ, բայց «Ռապիդն» , իմ կարծիքով, շատ ավելի լավ ֆուտբոլիստներ ունի: Այս երկու թիմերի միջև, իհարկե, որոշակի ընդհանրություններ կան. Երկուսն էլ հարձակվողական ֆուտբոլ են ցուցադրում, սիրում են վերահսկել խաղը: Այնպես որ, շատ մրցակցային ֆուտբոլ ենք ակնկալում վաղը, իսկ ինչ վերաբերում է արդյունքին, ապա յուրաքանչյուր խաղում, որին մենք մասնակցում ենք, ակնկալում ենք հաղթանակ. վաղն էլ բացառություն չէ:
Իհարկե, ուսումնասիրել ենք «Ռապիդին», ինչպես ցանկացած այլ մրցակցի պարագայում: Լավ ենք ուսումնասիրել մրցակցին, գիտենք նրանց թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը: Իհարկե, թույլ կողմերի մասին հրապարակային չեմ խոսի, բայց «Ռապիդը» շատ ուժեղ թիմ է, հարձակվողական ֆուտբոլ է խաղում, շատ բարձր որակ ունի: Իհարկե, գիտենք, որ առավելությունը նրանց կողմն է, և մենք հարգում ենք դա, գիտենք, որ նրանք ավելի լավ թիմ ունեն, բայց ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել: Եթե ունեք կամք պայքարելու՝ ամեն ինչ կարող է տեղի ունենալ:
Ոչ միայն ինձ, այլև ակումբի և իմ տղաների համար լավ է, որ հաղթում ենք: Երբ մարդիկ քեզ հետ հույսեր չեն կապում, բայց դու գալիս և արդյունք ես ցույց տալիս: Հիմա ոչ մի ճնշում չենք զգում այսպիսի մրցաշարում: Ինչպես գիտեք, մեր նպատակը Կոնֆերենցիաների լիգայի մեծ փուլ դուրս գալն է: Յուրաքանչյուր խաղում փորձում ենք անել լավագույնը՝ հաղթանակի հասնելու համար»,-ասել է Մոտան:
«Ռապիդ» — «Նոա» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 20։45-ին։
Աղբյուր՝ FC NOAH
© Armenian Soccer 2024