«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Sport.ua կայքի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հավաքականը գլխավորելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի հեռացումից հետո հավաքականի ղեկը թափուր է:
«Դա շատ նուրբ հարց է, չէի ցանկանա մեկնաբանել, բայց, այնուամենայնիվ, մի քանի բառ ասեմ: Արդեն մի քանի տարի է՝ «Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կոնֆլիկտ կա: Ես ի սկզբանե պաշտպանում եմ ակումբի նախագահին ու պայքարում եմ նրա համար ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Կարծում եմ՝ այս փաստն ինձ խանգարելու է գլխավորել հավաքականը: Մեր ֆեդերացիայում աշխատում են շատ ամբիցիոզ մարդիկ, որոնց համար կարևոր է ոչ այնքան արդյունքը, որքան իրենց սեփական իմիջը:
Վստահ եմ՝ նրանք հասկանում են, որ ես իսկապես կարող եմ օգնել հավաքականին, բայց չեն գնա այդ քայլին նշածս պատճառով»,- ասել է Մելիքյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կվարվի, եթե հայ երկրպագուներն ու անկախ ԶԼՄ-ները նրան հավաքականի ղեկին տեսնելու ցանկություն հայտնեն, «Փյունիկի» մարզիչն ասել է. «Եթե հանրությունն իսկապես ցանկանա դա ու դրա մասին իմաց տա, ապա միայն այդ դեպքում պատրաստ եմ համապատասխան քայլեր ձեռնարկել: Ինձ համար շատ կարևոր է ակումբի նախագահի ու երկրպագուների կարծիքը: Չէ՞ որ կոնֆլիկտը շատ լուրջ է»:
© Armenian Soccer 2024