Յուրաքանչյուր տուրում թիմերը շարունակում են մեծ անակնկալներ մատուցել։ Կարծում ենք այս տուրը ևս բացառություն չի լինի։
Հայաստանի պրեմիեր լիգայի 30-րդ մրցափուլը կմեկնարկի այսօր ` մայիսի 1-ին։
Տուրի առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի «Լեռնային Արցախին»։
Եթե «Ալաշկերտը» վաղուց ամրապնդվել է 4-րդ տեղում և դժվար թե այլևս դիրքային որևէ փոփոխություն կրի, ապա «Լեռնային Արցախը» շարունակաբար գահավիժել է ու այժմ թիմի խնդիրը վերջին տեղից հեռանալն է։
Թիմերի միջև կայացած նախորդ 3 խաղերում հաղթել է «Ալաշկերտը»:
Հանդիպումը կմեկնարկի 16:00-ին։
Օրվա 2-րդ խաղում «Նոան» Աբովյանի Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի ԲԿՄԱ-ին։
Ռոբերտ Արզումանյանի սաները գարնանային փուլում ցուցադրած լավ խաղի շնորհիվ նախ կարողացել են հեռանալ վերջին տեղից, ապա նաև բարձրանալ մեկ հորիզոնականով։
ԲԿՄԱ-ն վտանգում է կրկին եզրափակել աղյուսակը, քանի որ ընդամենը միմյանց դեմ խաղերի շնորհիվ է իր տեղը զիջել արցախցիներին։
Նախորդ 3 խաղաշրջանների հանդիպումներից 2-ն ավարտվել են ոչ-ոքի, մեկ անգամ էլ հաջողությունն ուղեկցել է «Նոային», ուստի սա բանակայինների համար ռևանշի հասնելու լավ հնարավորություն է։
Խաղը կսկսի 19:00-ին։
Մայիսի 2-ին, 16:00-ին «Վանը» տանը կմրցի առաջատար «Ուրարտուի» հետ։
Չարենցավանյան թիմը շարունակում է վատ ելույթները։ Նախորդ տուրում թիմը ջախջախիչ հաշվով պարտություն կրեց ԲԿՄԱ-ից և չնայած դեռ մնացել է 5-րդ տեղում, վտանգում է զիջել այն։
«Ուրարտուն» չնայած վերջին անհաջողություններին, նախորդ տուրում կրկին հաղթանակ տարավ ու ամրապնդվեց առաջին հորիզոնականում։ Առաջատարի դերը չկորցնելու համար երևանյան թիմը պետք է շարունակի զարգացնել հաջողությունը։
Թիմերի միջև կայացած 3 խաղերից 2-ում հաղթել է «Ուրարտուն», մեկ անգամ էլ բախտը ժպտացել է «Վանին»:
Նույնը օրը, ժամը 20:00-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում ուժերը կչափեն «Շիրակն» ու «Փյունիկը»:
Գավաթային խելահեղ ու դրամատիկ հանդիպումից հետո չեմպիոնի համար սա ռևանշի հիանալի հնարավորություն է։ «Փյունիկը» նախորդ տուրում փոխչեմպիոնին հաղթելուց հետո բարձրացավ 2-րդ տեղ և շարունակում է հետապնդել առաջատարին։
Իր հերթին «Շիրակը» մտադրված է բարձրանալ 5-րդ տեղ, ուստի հերթական թեժ դիմակայությանն ենք ականատես լինելու։
Նշենք, որ առաջնության 3 խաղաշրջանի հանդիպումներից բոլորում էլ հաղթել է չեմպիոնը, ընդ որում մեկը խոշոր հաշվով։
Մայիսի 3-ին կկայանա 30-րդ տուրի եզրափակիչ հանդիպումը։
Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կմրցեն «Արարատ-Արմենիան» ու «Արարատը»։
Փոխչեմպիոնը կարևոր միավորներ կորցնելուց հետո սայթաքելու իրավունք այլևս չունի։ Չեմպիոնական տիտղոսի համար մղվող պայքարից այժմ յուրաքանչյուր խաղ ու միավոր կարևոր է։
«Արարատն» իր հերթին ցանկանում է բարելավել դիրքը մրցաշարային աղյուսակում, ուստի հաղթանակը սկուտեղի վրա չի մատուցելու և ոչ մի մրցակցի։
Թիմերի միջև կայացած նախորդ 3 խաղերում հաջողությունն ուղեկցել է փոխչեմպիոնին։
Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին։
© Armenian Soccer 2023