Վերջին օրերին հայկական ֆուտբոլի հանդարտ ջրերում փոքրիկ փոթորիկ է մոլեգնում, էպիկենտրոնում է Երևանի «Ալաշկերտն» է, որը հունվարի 27-ին հայտարարեց այն մասին, որ իր գլխավոր հովանավորն է դարձել Marsbet ընկերությունը: Տիտղոսային հովանավորի հայտնվելը, բնականաբար, հրաշալի նորություն կարող էր լինել ակումբի համար, որի գլխավոր թիմի ֆուտբոլիստները եվրագավաթային հանդիպումներում անգամ միմյանցից տարբերվող մարզաշապիկներով էին հանդես գալիս:
Սակայն սոցցանցերն անմիջապես ողողվեցին օգտատերերի դժգոհություններով՝ Հայաստանի չեմպիոնը գործակցելու է թուրքական ընկերության հետ:
Ինչպես նշեցին մամուլի հաղորդագրությունում հենց «Ալաշկերտից»՝ «հայտնի ընկերությունը հանդիսանում է ավստրիական «Աուստրիա» ուկրաինական «Զարյա», շոտլանդական «Հիբերնիան», բրազիլական «Ժուվենտուդե» ակումբների գլխավոր հովանավորը: Marsbet-ը համագործակցում է իտալական թոփ-ակումբների՝ «Յուվենտուսի», «Միլանի» և «Ինտերի» հետ:
Լիահույս ենք, որ նոր հովանավորի հետ «Ալաշկերտը» ևս մեկ քայլ առաջ կկատարի ու կշարունակի ուրախացնել հայ ֆուտբոլասերներին»:
Բնականաբար՝ ոչ մի խոսք թուրքական հնարավոր արմատների մասին:
Մնչդեռ ըստ միջազգային հարթակներում տարածված տեղեկությունների՝ Marsbet-ը թուրքական Marsbahis-ի միջազգային անվանումն է, իսկ ըստ Marsbetsikayet1.com կայքի՝ Marsbahis իր օգտատերերին սպասարկում է Մոնտենեգրոյի լիցենզիայով և իր գործունեությունը սկսել է Թուրքիայում 2013 թ-ին:
Նույն տարեթվին է դասվում նաև արդեն միջազգային Marsbet ընկերության գրանցումը օֆֆշորային գոտի համարվող Կյուրասաոյում:
Կայքը ներկայացված է 8 լեզուներով՝ 8 երկրների համար, որոնցից, օրինակ, ՌԴ-ում, կազմակերպության գործունեությունն արգելված է: Բայց կա շատ ավելի հետաքրքիր մի փաստ. սոցցանցերի տեսանկյունից այդ երկրների համար/այդ լեզուներով ներկայացվածների մեծ մասը կամ շատ վաղուց չի թարմացվել, կամ՝ առհասարակ չունի այդ լեզվով/այդ հասարակության համար նախատեսված: Մինչդեռ թուրքերեն տարբերակով կայքը ամենահարուստն է ու ամենաթարմը նաև դրան կից Ֆեյսբուքը, ինստագրամը, Տիկ-տոկը և այլն… Հետևությունները կարելի է թողնել ընթերցողին…
Գայանե Նազարյան