Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Բուդյո Գլիմտի» հետ առաջին խաղում «Փյունիկը» պարտվեց 0:3 հաշվով:
Մեր փոխչեմպիոնի համար խաղը վատ մեկնարկ ունեցավ։
Նախ արդեն 6-րդ րոպեին գոլ բաց թողեց սեփական դարպասում, ապա 11-րդ րոպեին կորուստ ունեցավ. Հովհաննես Հարությունյանը հարկադրված փոխարինվեց, իսկ խաղադաշտ դուրս եկավ Դավիթ Դավիդյանը։
Հարկ է նշել, որ ի սկզբանե «Փյունիկը» լուրջ կորուստ ուներ, քանի որ թիմի հայտացուցակից բացակայում էր Լուկա Յուրիչիչը, որն ըստ ոչ պաշտոնական լուրերի արդեն համալրել է ռումինական «Կլուժի» շարքերը։
Մինչ ընդմիջման գնալը նորվեգական ակումբը կրկնապատկեց իր առավելությունն ու մեր թիմի գործերն ավելի բարդացան։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց մրցակիցը 3-րդ գնդակն ուղարկեց Բուչնևի դարպասն ու հաշիվը դարձրեց խոշոր։
Ամեն դեպքում պետք է նշել, որ Հայաստանի հավաքականի դարպասապահը շատ դեպքերում փրկեց «Փյունիկին»:
Խաղի վերջնամասում երևանյան թիմի ֆուտբոլիստներն ակտիվացան, սակայն, ցավոք, «Բուդյո Գլիմտի» դարպասը գրավել չհաջողվեց։
Դիմակայության 2-րդ հանդիպումը կկայանա Երևանում` օգոստոսի 17-ին։
© Armenian Soccer 2023