Հայկական ֆուտբոլում 2020/21 մրցաշրջանի պաշտոնական «փակման»՝ սուպերավաթային հանդիպման նախօրեին Երևանի Holiday Inn Express հյուրանոցում՝ Inecobank-ի աջակցությամբ, տեղի ունեցավ Armenain Soccer Awards 2021՝ արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունը:
Երեկոյին ներկա էր հայկական ֆուտբոլային աշխարհի ողջ ներկապնակը՝ ֆուտբոլիստներ, մարզիչներ, ակումբների աշխատակիցներ, ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, լրագրողներ՝ բոլոր այն մարդիկ, ում շնորհիվ այսօր ունենք ֆուտբոլն իր այս տեսքով:
Այս անգամ, ի տարբերություն նախորդ տարիների, մրցանակներն ավելի շատ էին:
Այդպես՝ 2020/21 մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն դարպասապահ ճանաչվեց Վալերիո Վիմերկատին «Արարատ-Արմենիայից»:
Իտալացի դարպասապահին մրցանակ հանձնեց Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը:
Երեկոյի հաղորդավար Եգոռ Գլումովի հետ զրույցում Վիմերկատին նշեց, որ ցանկանում է ընթացիկ մրցաշրջանը շարունակել այն ոգով, ինչ՝ այս պահին է անցնում առաջ («Արարատ-Արմենիան» 100%-անոց արդյունք ունի 7 տուրից հետո, Վիմերկատին էլ ընդամենը 5 գնդակ է բաց թողել — © խմբ.), իսկ հարցին, թե «Միլանի» սան Վիմերկատին արդյո՞ք նախանձում է «Միլանի» մեկ այլ սան Ջանլուիջի Դոնառումային, «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը դրական պատասխանեց ու պարզաբանեց՝ Դոնառումայի հասակն է ուզում (180 սմ-ը՝ 196-ի դիմաց):
2020/21 մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն պաշտպանը ալաշկերտցի Տարոն Ոսկանյանն էր: Ֆուտբոլիստը անձնական պատճառներով ներկա չէր միջոցառմանը, փոխարենը՝ տեսահոլովակ էր ուղարկել, որով շնորհակալություն էր հայտնում իր ջանքերը գնահատելու ու մրցանակի համար: Նրա մրցանակը հանձնվեց ակումբի ներկայացուցիչ Սամվել Սուքիասյանին:
Մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան ճանաչվեց Ոսկանյանի թիմակից Արտակ Գրիգորյանը: Փորձառու ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի արդյունքով նաև ՀՖՖ կողմից էր ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ: Հարցին՝ արդյո՞ք սա իր կարիերայի ամենա-ամենա տարին է, Գրիգորյանը նշեց, որ տարին դեռ չի ավարտվել ու այս պահին 2 նպատակ ունի.շարունակական խաղալ եվրագավաթներում ու Հայաստանի հավաքականն էլ Քաթարում կայանալիք աշխահի առաջնության ուղեգիր նվաճի:
Գրիգորյանին իր մրցանակը հանձնեց Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ՝ Արթուր Եդիգարյանը:
Armenian Soccer-ի վարկածով 2020/21 մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվող ճանաչվեց … «Նոայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:
Գլումովի հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ իբրև հարձակվող իրեն ավելի լավ է զգում, մանավանդ՝ երբ ստանում է լավագույն հարձակվողի մրցանակը:
Պետրոս Ավետիսյանին իր մրցանակը հանձնեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վալերի Ալեքսանյանը:
Դիրքային մրցանակների հանձնումից հետո հերթը հասավ նախորդ մրցաշրջանի լավագույն գոլերին:
Այս տարի, ի տարբերություն նախորդ 2 մրցանակաբաշխությունների, լավագույն գոլի ընտրության կարգը փոքր-ինչ փոփոխվել էր. աշխարհը պատուհասած համավարակի հետևանքով Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանը «կտրտված» ստացվեց. բազմաթիվ հանդիպումներ հետաձգվեցին, տուրերը ետ ու առաջ արվեցին, շրջանները «խառնվեցին», այդ իսկ պատճառով «Մրցաշրջանի լավագույն գոլ» անվանակարգում յուրաքանչյուր շրջանի լավագույն գոլի քվեարկություն այս անգամ չանցկացվեց: Փոխարենը՝ ներկայացվեց ողջ մրցաշրջանի լավագույն գոլերի եռյակը։ Լավագույն եռյակը եզրափակում էր Նիկիտա Տատարկովի գոլը՝ խփված «Շիրակի» դարպասին: 2-րդը փյունիկցի Սերոբ Գրիգորյանի գոլն էր, իսկ հաղթողն այս անվանակարգում Իգոր Ստանոյևիչն էր: Ցավոք, դահլիճում ներկա չէր Նիկիտա Տատարկովը, ով այժմ հանդես է գալիս ուկրաինական «Կրիվբասում»: Նրա փոխարեն մրցանակը Գլումովից ստացավ «Փյունիկի» ներկայացուցիչ Արտուշ Մկրտչյանը:
Լավագույն եռյակի մրցանակը հանձնեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը:
Ապա՝ հոլովակով ներկայացվեց Armenian Soccer-ի վարկածով արդեն 4-րդ անգամ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանի մասին տեսահոլովակը: Հասկանալի պատճառներով Հայաստանի հավաքականի ու իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստը ներկա չէր միջոցառմանը, սակայն հույս ունենք, որ արդեն առաջիկա հոկտեմբերին՝ հավաքականի հանդիպումներից առաջ հնարավորություն կընձեռվի ֆուտբոլիստին հանձնել իր մրցանակը:
Իսկ մինչ այդ՝ Armenian Soccer-ի հիմնադիր Էդգար Պետրոսյանը հանձնեց 2020/21 մրցաշրջանի լավագույն ռմբարկու Յուսուֆ Օտուբանջոյի մրցանակը: Օտուբանջոն անցած մրցաշրջանում մասնակցել էր 21 խաղի ու 10 գոլի հեղինակ էր դարձել, ինչն ամբողջ առաջնությունում իր թիմի խփած գնդակների ⅓-ն է։ Օտուբանջոն, ի դեպ, մրցանակաբաշխությանը ներկա էր կնոջ ու փոքր դուստրերի հետ:
Եվ վերջապես, որպես երեկոյի ամփոփում՝ հանձնվեց մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը: Armenian Soccer-ի վարկածով մրցաշրջան 2020/21-ի լավագույն մարզիչ ճանաչվեց Վարդան Բիչախչյանը: Նրա գլխավորած «Արարատը» ողջ մրցաշրջանի ընթացքում չեմպիոնական նկրտումներ ուներ, նվաճեց գավաթը, եվրագավաթային այս կամպանիայում էլ հրաշալի ֆուտբոլ ցուցադրեց…
Բիչախչյանի մրցանակը հանձնեց Սամվել Ղասաբողլյանը:
Հիշեցնենք, որ Armenian Soccer Awards-ը անցկացվում է 2015թ-ից:
©2021 Armenian Soccer