Armenian Soccer
Armenian Soccer

Գևորգ Կասպարով. «Առաջնության մակարդակը բարձրացել է, բայց ինչի՞ հաշվին»

Հայաստանի Ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ իմ վերջին հարցազրույցի ժամանակ նա դեռևս խաղացող դարպասապահ էր, իսկ հիմա արդեն 3 տարի է՝ մարզչական կարիերայի ուղի է հարթում:

Նրա հետ խոսել ենք այդ ուղուց, որդիներից, հայկական ֆուտբոլի խնդիրներից:

— Գևո՛րգ, մարզչական կարիերայի ուղին ինչպե՞ս է դասավորվում:

— 2021 թվականին ավարտեցի խաղային կարիերաս ու միանգամից, կարելի է ասել, աշխատանքի անցա «Ալաշկերտ 2»-ում: 6 ամիս այնտեղ աշխատելուց հետո տեղափոխվեցի «Նոա ակադեմիա»: Շատ հետաքրքիր էր աշխատել պատանի ու երիտասարդ տղաների հետ: Ես միշտ պատկերացրել եմ, որ մեծահասակների հետ ավելի հետաքրքիր է, բայց երեխաների հետ աշխատանքը յուրահատուկ հետաքրքրություն ունի: 2022-ին անցա «Նոայի» հիմնական թիմ, որի հետ աշխատեցի 2 տարի՝ կուտակելով մեծ փորձ:

— Ձեզ համար ո՞րն էր ավելի սրտամոտ՝ միշտ մեջքով դեպի դարպա՞սը, թե՞ երիտասարդներին մարզողի դերը:

— Եթե անկեղծ, իհարկե՝ մեջքով դեպի դարպասը: Բայց հիմա արդեն ուրիշ փուլ է ինձ համար, ու կարևոր է, որ սիրում եմ իմ գործը,  ինձ հոգեհարազատ է այն, ինչով զբաղվում եմ: Ես ինձ խաղային կարիերայից հետո տեսնում էի հենց դարպասապահների մարզչի դերում:

Մարզչական դասընթացներից բացի, է՞լ ինչպես եք ինքդ Ձեզ պատրաստում մարզչական գործին:

— Գիտեք՝ մի բան է փորձառու ու տաղանդավոր դարպասապահ լինելը, մեկ այլ բան՝ փորձը, կարողությունները, «մասնագիտական» գաղտնիքները փոխանցել կարողանալը: Բայց մի կարևոր փաստ էլ կա՝ ցանկալի է, որ դարպասապահների մարզիչը լինի խաղացած և մեծ փորձ ունեցող: Ֆուտբոլը տեղում չի դոփում, բայց սկզբունքները նույնն են մնում:

Մարզչական աշխատանքում Ձեզ համար ամենահետաքրքիր բացահայտումը ո՞րն էր:

— Երևի թե այն, որ ոչ միայն սովորեցնում ես սաներիդ, այլև ինքդ ես սովորում նրանցից:

— Այս պահին մարզչական գործունեության ի՞նչ փուլում եք:

— «Նոայի» հետ պայմանագիրս ավարտվել է: Այս պահին որևէ հստակ նորություն չկա: Տեսնենք՝ ինչ կլինի առաջիկայում:

Այս պահին Հայաստանում դարպասապահների «բազան» ինչպե՞ս կգնահատեք՝ հաշվի առնելով ազգային հավաքականում նատուրալիզացված դարպասապահների խաղալու փաստը:

— Ձեր հարցի պատասխանը տվեցիք: Դարպասապահի ամպլուայում խաղացող երեխաների հետ պետք է աշխատանք տանել վաղ տարիքից: Բայց խնդիրն այն է, որ նախ մենք բարձրակարգ մարզիչներ չունենք, հետո էլ այնպիսի տպավորություն է, որ չենք էլ ուզում աշխատել: Ամենահեշտ գործն է դրսից պատրաստի կադրեր բերելը: Իմ ժամանակ գոնե որակով հայ դարպասապահներ ունեինք հենց հայկական դպրոցից: Հիմա ոչ միայն խնդիր ունենք, այլ նաև չենք ուզում զբաղվել այդ խնդրի լուծմամբ: Ամեն մեկն իր տեղում իր գործը պետք է ճիշտ անի:

— Առհասարակ, հիմա շատ են շեշտում, որ հայկական ֆուտբոլը շատ է զարգացել, առաջընթաց է գրանցել: Դուք նման բան նկատո՞ւմ եք: Ո՞րն է առաջընթացը:

— Երբ հայկական ֆուտբոլը սկսի լավ ֆուտբոլիստներ «արտահանել» եվրոպական թեկուզ միջին թիմեր, տարբեր տարիքային հավաքականները սկսեն լավ հանդես գալ, այդ ժամանակ կարելի կլինի ասել, որ առաջընթաց ունենք: Առաջնության մակարդակը լավացել է: Բայց ինչի՞ հաշվին: Այս հարցի պատասխանի մեջ է խնդիրը:

Եվրագավաթներում 4 թիմ ունենք: Ի՞նչ կանխատեսումներ ունեք:

— Առաջին փուլի վիճակահանությունը վատը չէ: Հուսով եմ՝ մեր թիմերը կհաղթահարեն մրցակիցների արգելքը:

— Խոսենք նաև Ձեր որդիների կարիերայից: Այս պահին նրանք ի՞նչ փուլում են:

— Գոռը «Նոա-2»-ում է: Ավետը փորձաշրջանը հաջող անցավ «Սպարտայի» ակադեմիայում, և հիմա փաստաթղթերը պատրաստման փուլում են: Ավետը «Ուրարտուի» ակադեմիայի սան է, Հայաստանի Մինչև 16 տարեկանների հավաքականի անդամ: Տեսնենք՝ ինչ կստացվի: Հուսով եմ՝ նրա տեղափոխությունը կստացվի, և ապագայում լավ ֆուտբոլիստ կունենանք (ժպտում է՝ հեղ.):

— Գոռի խաղում որևէ բան նմանեցնո՞ւմ եք Ձեզ, թե՞, ըստ Ձեզ, նա տարբեր «ձեռագիր» ունի:

— Գոռը լավ որակներ ունի: Բայց գիտե՞ք՝ նա անընդհատ մարզիչների կողմից համեմատության մեջ է դրվել ինձ հետ: Ես դա շատ սխալ եմ համարում: Նրա հետ այդ թեմայով շատ եմ խոսակցություններ ունեցել: Չնայած նրա ամբողջ սառնասրտությանը՝ իմ որդին լինելու հանգամանքով պայմանավորված լարվածություն նկատում եմ նրա մեջ:

— Ո՞րն է ամենակարևոր խորհուրդը, որ դուք հիմա տալիս եք Ձեր որդիներին և կուզեիք ժամանակին ինքներդ լսած լինել:

— Միշտ առաջ նայել, չհանձնվել, ձգտել առավելագույնին հասնելուն:

— Եվրո-2024-ն է մոտեցել եզրագծին: Ի՞նչ կանխատեսում ունեք:

— Կարծում եմ՝ Իսպանիայի հավաքականը կհաղթի առաջնությունը:

Հ.Գ.

Լուսանկարները՝ անձնական արխիվից

© Armenian Soccer 2024