Ի՞նչ նպատակով ստեղծվեց ԲԿՄԱ-ն, տարիների ընթացքում ինչպե՞ս է փոխվել ակումբի նկատմամբ մրցակիցների վերաբերմունքը, իսկապես առաջընթաց կա՞ հայկական ֆուտբոլում և արդյոք ԲԿՄԱ-ի ստեղծման նպատակը լիովին իրացվո՞ւմ է: Այս հարցերի շուրջ armenian-soccer.com-ը զրուցել է ԲԿՄԱ-ի գործադիր տնօրեն Գագիկ Աղբալյանի հետ:
— Պարոն Աղբալյան, 2019 թվականի գարնանն առաջին անգամ հայտարարվեց ԲԿՄԱ ստեղծելու մասին: Դուք երբվանի՞ց հայտնվեցիք այդ նախագծում:
— Նախագծի մեկնարկի առաջին օրվանից ԲԿՄԱ-ում եմ: Հրավեր ստացա ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանից և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանից: Մանկուց սիրել եմ ֆուտբոլ, լրագրող աշխատելու տարիներին մարզադաշտ շատ եմ գնացել ոչ միայն որպես երկրպագու, այլ նաև որպես լուսանկարիչ-լրագրող, ու երևի ֆուտբոլում հայտնվելու նախախնամություն կար:
— Այս նախագիծը գրեթե ամբողջությամբ տարբերվում է մյուս ակումբներից: Հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսին է իրավիճակը կուլիսներում. ո՞րն է ԲԿՄԱ-ում աշխատելու հիմնական առանձնահատկությունը:
— Քանի որ այլ ակումբներում չեմ աշխատել, կարող եմ խոսել միայն մեր աշխատանքից և այն զգացողություններից, որ ես ունեմ: ԲԿՄԱ-ում առաջնային ու շատ մեծ է սրտի գործոնը: Արդեն 6-րդ մրցաշրջանն է, որ գոյություն ունի ԲԿՄԱ-ն, և նույնիսկ եթե եղել են ինչ-որ խրթին հարցեր, սրտի գործոնը միշտ առանցքում է մնացել: ԲԿՄԱ-ում կարևոր են արժեքները: Այս իմաստով մենք հաստատ տարբերվում ենք շատ նախագծերից: Այլ ակումբների հետ տարբերություններից մեկն այն է, որ մենք շատ ենք կենտրոնացած անձի զարգացման, առանձին ֆուտբոլիստների կրթության, ինտելեկտի աճի և այլ նմանօրինակ արժեքների վրա: Իմ կարծիքով՝ մյուս ակումբների խնդիրն ուղղակի մրցանակային տեղ գրավելն է: Մենք էլ հասկանում ենք, որ մրցանակներ կարող ենք ունենալ միայն երիտասարդ ֆուտբոլիստներին զարգացնելու ճանապարհով: Մենք հաշտ ենք մեզ բաժին ընկած առաքելության հետ։ էլի տարբերություններ կան. մյուս ակումբները դրամական բոնուսներ ունեն, ԲԿՄԱ-ում անձնակազմը պարգևատրումներ չի ստանում (ծիծաղում է՝ հեղ.): Դա էլ է մեր անձնահատկություններից, և մենք էլի հաշտ ենք դրա հետ, որովհետև այստեղ մարդիկ են, որոնց գոնե մի մասը գիտակցում է ԲԿՄԱ-ում իր առաքելությունը:
— Այս տարիներին Ձեզ համար ամենահիշարժան իրադարձությունները որո՞նք են:
— Անձնապես և մասնագիտական տեսանկյունից որպես էմոցիոնալ ուժեղ հիշողություն կարող եմ նշել ԲԿՄԱ-ի, այսպես ասած, «առաջին ֆուտբոլիստի թողարկումը» Հայաստանի ազգային հավաքական: Դա Ժիրայր Շաղոյանի նորամուտն էր, հատկապես, որ մենք այդ ժամանակ Առաջին խմբի թիմ էինք, և, որքան ինձ է հայտնի, Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ մինչ այդ չէր եղել, որ Առաջին խմբից ֆուտբոլիստ հրավիրեն ազգային հավաքական: Միգուցե նաև առաջին տրանսֆերը. եթե չեմ սխալվում, երբ Նարեկ Գրիգորյանը վարձավճարով «Ուրարտուից» գնաց Լեհաստան: Նաև կարող եմ նշել «Լոռիի» հետ մրցակցությունում Գավաթի խաղարկության հաջորդ փուլ տեղափոխվելը: Երևանում խաղացինք ոչ ոքի՝ 0:0 հաշվով: Վանաձորում առաջին խաղակեսից հետո պարտվում էինք 0:2 հաշվով: Խաղի ընդմիջմանը ֆուտբոլային նախկին պաշտոնյաներից մեկը տանտեր թիմի ֆուտբոլիստներին բարձրաձայն, հեգնախառն ասաց՝ «Տղե՛րք, մեր էրեխեքն են, քիչ խփեք»: Երկրորդ խաղակեսում Սերգեյ Մկրտչյանն ու Հայկ Ղևոնդյանը մեկական գոլ խփեցին, և մրցակցի հարկի տակ խփած գնդակների տարբերության շնորհիվ անցանք հաջորդ փուլ:
— Այնուհանդերձ, ԲԿՄԱ-ն ևս ժամանակի ընթացքում որոշակիորեն փոխեց քաղաքականությունը. թիմում հայտնվեցին ոչ բանակային տարիքի ֆուտբոլիստներ: Ինչո՞ւ որոշվեց գնալ այդ քայլին:
— Դա նաև ստիպված որոշում էր, քանի որ ԲԿՄԱ-ն արդեն պետք է հանդես գար երկու լիգայում՝ Բարձրագույն խմբում և Առաջին խմբում: Մենք ունենք ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից հատկացված քվոտա, և հաշվի առնելով քվոտան, անհնար է երկու թիմ ձևավորել: Փորձառու ֆուտբոլիստներին ներգրավելու նպատակներից մեկն էլ այն էր, որ թիմն իրեն ամուր զգար, երիտասարդները փորձ հավաքեին, սովորեին: Գիտեք՝ ֆուտբոլում շատ կարևոր է նաև հանդերձարանը և այնտեղ փորձառու խաղացողների ներկայությունը: Եթե նկատել եք, ընթացիկ մրցաշրջանում թիմն ավելի երիտասարդ է: ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմի միջին տարիքը 20-21 է: Պետք չէ ԲԿՄԱ-ին վերաբերվել որպես կարծրացած, լճացած ինչ-որ գաղափարի: Փորձառու ֆուտբոլիստների ներգրավումը, ըստ էության, մեկ այլ նպատակի էլ ծառայեց. այդ փորձառու խաղացողները վերադարձան Ազգային հավաքականի մակարդակի. Օրինակ՝ Հայկ Իշխանյանը, Հենրի Ավագյանը վերստին հրավիրվեցին: Ստացվում է՝ ԲԿՄԱ-ն շանսի հարթակ եղավ և՛ երիտասարդ ֆուտբոլիստների, և՛ փորձառուների համար:
— ԲԿՄԱ գալիս են այլ ակումբների՝ բանակային տարիքի սաներ, որոնք ստացել են տարբեր դաստիարակություն, արդեն ձևավորված բնավորություն ունեն: Ինչի՞ց է սկսվում թիմի մթնոլորտը ձևավորելու գործընթացը:
— Կարող եմ ասել, որ այդ տեսանկյունից երևի առաջին մեկ-երկու տարին էին բարդ: Հիշում եմ իմ ծանոթությունը ֆուտբոլիստներին և ֆուտբոլային աշխարհին: Հենց առաջին աշխատանքային օրը մտնում եմ ավտոբուս և տեսնում, որ երիտասարդ ֆուտբոլիստների մի մասը փռված է նստարաններին, ամեն մեկն իր սմարթֆոնով ինչ-որ երաժշտություն միացրած, խառը իրավիճակ, և դա շատ զարմանալի էր: Եվ իրենց համար էր անսպասելի, որ սկսեցինք պահանջել կարգապահություն: Առաջին մրցաշրջանից բոլորս փորձել ենք փոխել այդ բնավորությունը: Հիմա ավանդույթի ուժը կա: Դեռ ԲԿՄԱ չեկած՝ բոլորը գիտեն, թե ինչպես է պետք այդ շեմը մտնել ու պատրաստ են դրան: Բոլոր երիտասարդ ֆուտբոլիստներն են ձգտում դեպի ԲԿՄԱ: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է նաև մարզիչների գործոնը. Ֆուտբոլիստները հաշվի են առնում, թե ինչ մարզիչներ են իրենց հետ աշխատելու: Երևի նաև գիտեն, որ այստեղ ավանդույթներ կան, որ ԲԿՄԱ-ում ֆուտբոլիստն ամենակարևորն է, և ամեն ինչ իրապես պտտվում է ֆուտբոլիստի շուրջ: Այստեղ ֆուտբոլիստերն աճում են, ուժեղանում: Մենք նաև էթիկական վարքականոն ունենք: Այն կցված է պայմանագրին: Վարքականոնում սահմանված են մեր արժեքները: Երբեմն առիթ է լինում, որպեսզի ֆուտբոլիստներին հիշեցնենք՝ «Նորից նայեք»: Մի օր ֆուտբոլիստներից մեկը եկել էր եվրոպական գրանդ թիմի խաղաշապիկով: Դա մեզ մոտ արգելված է: Կատակով ասացի. «Ճաշից հետո կբարձրանաս լսարան»: Մտածել էր՝ քննարկելու հարց կա, հետո՝ գլխի ընկել: 10 րոպե անց մոտեցավ, ասաց. «Ես հասկացա»: Մենք ֆինանսական իմաստով փոքր ակումբ ենք, բայց մեր իդեալները, ձգտումները մեծ են, և ուզում ու հավատում ենք, որ ամեն մի երիտասարդ ֆուտբոլիստ կարող է ֆուտբոլային մեծ ապագա ունենալ: Դրա համար ուզում եմ, որ նրանք հարգեն իրենց անցած ճանապարհը, հենց իրենց ակումբը:
— Զինվորների աջակցությունը մարզադաշտերում. ինչպե՞ս է որոշվել, որ նրանք պետք է ներկա լինեն խաղերին, և ինչպե՞ս է թիմի վրա ազդում նրանց ներկայությունը:
— Զինվորներին միշտ սպասում ենք մարզադաշտում: Հաճախ ֆուտբոլիստները խաղից առաջ հարցնում են՝ կգա՞ այսօր զորքը, թե՞ չէ: «Զորք» ենք ասում ու զորեղանում ենք (Ծիծաղում է՝ հեղ.): Երկու տարի առաջ Աբովյանում «Նոայի» հետ էինք խաղում: Մեկ գնդակի առավելությամբ հաղթում էինք: Վերջին րոպեներին շատ դժվար էր դիմադրել «Նոայի» գրոհներին: Այդ ժամանակ մոտ 300 զինվոր էր եկել մեզ աջակցելու: Հաղթեցինք նրանց աջակցությամբ: Գևորգ Տարախչյանը մի օր խոստովանեց. «Մեզ զինվորների աջակցությունը պահեց, որովհետև վերջում ֆիզիկապես շատ հոգնած էինք, և դժվար էր դիմագրավել մրցակցի գրոհներին»: Մարզիչներից էլ եմ լսել, որ զգում են զինվորների թե՛ ներկայությունը, թե՛ բացակայությունը թիկունքում: Զինվորները մեզ համար իսկապես կարևոր են որպես երկրպագուներ: Մեզ այս հարցում շատ է աջակցում ԲԿՄԱ զորամասի հրամանատար Դավիթ Շահբազյանը:
— Դուք Բարձրագույն խմբում եք 2021/22 մրցաշրջանից: Այս ընթացքում ինչպե՞ս է փոխվել մրցակիցների վերաբերմունքը ԲԿՄԱ-ի նկատմամբ:
— Հիմա բոլոր մրցակիցներն առանց բացառության հարգում են ԲԿՄԱ-ին՝ որպես ուժեղ մրցակցի, որը դուրս է եկել խաղալու իր 3 միավորի համար: ԲԿՄԱ-ի առաջադրանքն ամեն խաղում հաղթելն է: Մենք դուրս չենք գալիս պաշտպանվելու համար: Մենք մտածում ենք ոչ թե չպարտվելու, այլ հաղթելու մասին: Այսօր ԲԿՄԱ-ն շատ լավ, նախաձեռնող ֆուտբոլ է խաղում, և սա Արմեն Գյուլբուդաղյանցի մոտեցումն է ֆուտբոլ խաղին: Այսպիսով ֆուտբոլիստները մեծ աճ են ունենում:
— Անընդհատ կարելի է լսել, որ Հայաստանում ֆուտբոլը առաջընթաց է գրանցել: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը, դա իսկապես այդպե՞ս է:
— Կարող եմ ասել՝ Հայաստանում փոխվել են ֆուտբոլի զարգացման մոտեցումները: Շատ նորամուծություններ եմ տեսնում, մանկապատական ֆուտբոլից մինչև աղջիկների ֆուտբոլ: Վերջերս Հայաստանում մեկնարկեց Double Pass ծրագիրը, որը աշխարհի շատ ֆուտբոլային երկրների օգնել է դուրս գալ ճգնաժամից, բարելավել մանկապատանեկան դպրոցը, հավաքականներով հասնել հաջողության: Ծրագրի համար ՀՖՖ-ն է վճարում, բայց օգտվում են բոլոր ակումբները: Պատկերացնո՞ւմ եք՝ Բելգիայում, Անգլիայում, Գերմանիայում աշխատած, ֆուտբոլային բոլոր բաղադրիչներին տիրապետող մարդիկ գալիս են ու ակումբների սպորտային տնօրեններին վերապատրաստում: Թե որքանով մերոնք կգնահատեն, որքանով կկիրառեն իրենց տրված գիտելիքը, չգիտեմ: Մենք ունենք մարզչական փայլուն ազգային մարզումային ծրագի: Ես գիտեմ, որ այդ ծրագիրը տարվա մեջ բացում են հաշված թվով մարզիչներ: Քիչ տոկոսն է բարեխղճորեն օգտվում տրամադրված բազայից: Բա ինչպե՞ս ես զարգացնելու ֆուտբոլը: ՀՖՖ-ն կամ որոշ ակումբներ ստեղծել են ենթակառուցվածքներ, ամեն ինչ կա, բայց մարդու գործոնն է կարևոր:
— Ո՞վ պետք է լինի վերահսկողը, որ մարդիկ, ովքեր զբաղվում են մարզչությամբ, անընդհատ կատարելագործեն գիտելիքները: Օրինակ, մեր երկրում հիմա, որքան էլ քննադատվում է, շատ ոլորտներում արդեն ներդրվում է ատեստավորման գործընթացը: Ֆուտբոլում ո՞վ է վերահսկողն ու մեխանիզմներ ներդնողը, որպեսզի մարզիչները մոտիվացված լինեն աշխատելու իրենց վրա:
— Ատեստավորման տրամաբանությունը շատ եմ հավանում: Եթե դա գա ֆուտբոլ, շատ կարևոր հետևանքներ կունենա ֆուտբոլի զարգացման տեսանկյունից: Ես գիտեմ մի քանի դեպք, երբ մարզիչներ են հեռացվել ոչ թե արդյունքների համար, այլ այն պատճառով, որ ղեկավարները հասկացել են՝ այդ մարզիչն այլ չափորոշիչներով չի համապատասխանում: Վերահսկողը պետք է լինեն ակադեմիաների, ակումբների մարզական տնօրենները: Յուրաքանչյուր ակումբ, մարզադպրոց ու ակադեմիա ունի այդ հաստիքը զբաղեցնող պաշտոնյա, հենց նա պետք է հետևի կրթական ծրագրերի իրացմանը:
Մանկապատանեկան ֆուտբոլում շատ խնդիրներ ունենք, բայց, ցավոք սրտի, ովքեր դրանց լուծման պատասխանատուն են, չեն զբաղվում ամբողջական իմաստով, նրանք մատնացույց են անում ՀՖՖ ղեկավարությանն ու մեղադրում տարբեր մեղքերի մեջ: Ֆեդերացիան միջավայր ստեղծողն է, ծրագրեր ու վերապատրաստումների հնարավորություն տվողն է, բայց երեխայի հետ պետք է աշխատեն ակումբն ու մարզիչը: Երեխաները հավաքականներ գալիս են ակումբներից: Հարց չի առաջանո՞ւմ՝ ակումբն ինչպես է պատրաստում այդ ֆուտբոլիստներին: Օբյեկտիվ իրականությունից կտրվել չենք կարող: Ֆուտբոլը հաճախ «այստեղ և հիմա»-ի մասին չէ:
— Հայաստանում գործող ակումբը մտածում է, որ ինքը հավաքականի համար ֆուտբոլիստ պատրաստելու պատասխանատվություն չունի, նրանք իրենց նպատակներն են հետապնդում: Հայկական ակումբը մասնակցում է եվրագավաթային խաղի, մեկնարկային կազմում գրեթե հայ չի լինում: Իմ պատկերացմամբ դա հայկական ֆուտբոլի զարգացում չէ: Ի՞նչ մեխանիզմ պետք է դրվի և ում կողմից, որ իրավիճակը փոխվի:
— Ի՞նչ տեղի ունեցավ հայկական ֆուտբոլում 2019 թվականին. ՀՖՖ-ն ստեղծեց ԲԿՄԱ նախագիծը, որպեսզի ֆուտբոլիստը կրթվի, պարտվի կամ, ինչպես ֆուտբոլում հաճախ ասում են, «ծեծ ուտի», մարզիչներն ու ամբողջ անձնակազմը «ծեծված» գնան տուն և սպասեն այն օրվան, որ այդ ֆուտբոլիստը, որը դեռ երկար պետք է «ծեծ ուտի», հասունանա: ԲԿՄԱ-ն գործում է արդեն 6 մրցաշրջան, տարիներ շարունակ ՀՖՖ-ն մենակ է կրում ֆինանսական ամբողջ բեռը, տարի է եղել, որ մի ակումբից 10 ֆուտբոլիստ է եղել թիմում, բայց տվյալ ակումբը չի հոգացել ֆինանսական ծախսերը: Կառուցողական իմաստով ինչ-որ բան անելն ավելի լավ է, քան քննադատելը: Երկարաժամկետ ներդրումներ են պետք ու պետք է ապագայի սերմեր ցանել:
— Ասում եք, որ ՀՖՖ-ն ԲԿՄԱ նախագիծը ստեղծել է որպես լուծում: Բայց ԲԿՄԱ-ից վերադարձող ֆուտբոլիստներն իրենց թիմերում հաճախ մնում են պահեստայինների նստարանին կամ վարձավճարով էլի հետ են գալիս ԲԿՄԱ: Չի ստացվո՞ւմ արդյոք, որ նախագիծն իր վերջնական նպատակին չի հասնում: Ի՞նչ լուծում կարելի է գտնել, որ ԲԿՄԱ-ի տարիքից դուրս եկած ֆուտբոլիստը չդառնա պահեստային խաղացող, արդյունքում՝ անիմաստ անցնի 2 տարի իր վրա արված ներդրումը:
— Պարտադրել չես կարող: Եվ, այո, ստացվում է, որ ԲԿՄԱ-ի ջանքը մի տեղ իր տրամաբանական շարունակությունը չի ունենում: Հարկավոր է գիտակցում, որ 2 տարով ԲԿՄԱ եկած ֆուտբոլիստն իրականում ակումբի կապիտալն է և կարելի է գնահատել ու օգտագործել նրա պոտենցիալը:
Հարցազրույցի շարունակությունը՝ քիչ անց
Զրույցը՝ Հռիփսիմե Գալստյանի
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024