Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան -Կիպրոս ընկերական խաղին ընդառաջ

Այսօր ` մարտի 28-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։

Մինչ այսօր երկու այս հավաքականները հանդիպել են 6 անգամ, որոնցից ընդամենը 2-ն են եղել պաշտոնական բնույթի։

Առաջին խաղը կայացել է 1994 թվականի հոկտեմբերի 8-ին, Եվրո-1996-ի որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակում, որն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։

Պատասխան հանդիպումը կայացել է նույն թվականի նոյեմբերի 16-ին։ Այդ խաղում Կիպրոսի ընտրանին հաղթել է 2:0 հաշվով։

Այդ օրվանից ի վեր այս ազգային թիմերն ընկերական 4 հանդիպում են անցկացրել, որոնցից 3-ում հաղթել են կիպրոսցիները, իսկ մեր հավաքականին հաջողությունն ուղեկցել է ընդամենը 1 անգամ։

Գոլերի հարաբերակցությունն էլ 6:12-ի է, այսինքն մրցակիցը կրկնակի շատ է գրավել մեր դարպասը։

Իհարկե տարիների ընթացքում հավաքականների կազմերը փոփոխվել են, թարմացվել և երիտասարդացվել։

Կիպրոսի ընտրանու հետ վերջին ընկերական խաղի համեմատ (նոյեմբերի 13, 2017 թվ.) մեր կազմի հայտացուցակում իրենց տեղը պահպանել են միայն Արսեն Բեգլարյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը։

Ինչպես գիտեք, մեր հավաքականի ուկրաինացի նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նորեկների է հրավիրել ազգային թիմ, որոնցից 3-ը` Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը և Ուգոչուկվու Իվուն Թուրքիայի ընտրանու հետ խաղում արդեն նշել են իրենց նորամուտը մեր հավաքականում։ Իսկ այսօր հնարավոր է խաղադաշտում տեսնենք մասնավորապես հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին, ինչպես նաև դարպասապահ Արման Ներսեսյանին, Դավիթ Դավիդյանին, Էրիկ Փիլոյանին և Երջանիկ Ղուբասարյանին։

Հիշեցնենք, որ հանդիպումը մեկնարկելու է 19:00-ին։

© Armenian Soccer 2023