Armenian Soccer
Armenian Soccer

Հաշտարարը. «Նոան» ևս հայտարարություն տարածեց

«Նոան» հայտարարություն է հրապարակել հայկական ֆուտբոլում վերջերս ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հիշեցնենք՝ երկրպագուական շարժումները պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը, նրանց պահանջին միացել են միայն «Փյունիկը», «Ուրարտուն» և «Շիրակը»: 23 ակումբ և կազմակերպություն աջակցություն է հայտնել ՀՖՖ ղեկավարությանը:

««Նոա» ֆուտբոլային ակումբը, ի պատասխան երկրպագուների և լրատվամիջոցների, հայտնում է հետևյալը՝
«Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին։
Ակումբն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ՀՖՖ-ին առնչվող խնդիրների շուրջ՝ հանուն արդար խաղի կանոնների։
Հայաստանում կան պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ռազմավարության բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ մեր կողմից բարձրացված, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվում ՀՖՖ-ի հետ՝ փորձելով գտնել լուծումներ։
Հայկական ֆուտբոլի առջև ծառացած խնդիրների քննարկման և լուծման գործում «Նոան» կարևորում է նաև ֆուտբոլասերների և մեր սիրելի երկրպագուների մասնակցությունը՝ գնահատելով վերջիններիս ջանքերը։
«Նոա» ՖԱ-ն շարունակում է իր ճանապարհը հայկական ֆուտբոլի զարգացման երկարաժամկետ և հեռանկարային ծրագրերով՝ հանուն այս նպատակների պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել ու հասնել փոխըմբռնելի լուծումների։
«Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ համախմբելով բոլոր ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, այն է՝ զարգացնել հայկական ֆուտբոլը և տոն պարգևել մեր սիրելի երկրպագուներին։
Բոլորիս մաղթում ենք ֆուտբոլային նոր վերելքներ»,- գրված է «Նոայի» հայտարարության տեքստում:

© Armenian Soccer 2024