
GOALS-ը հաղթող է ճանաչվել ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի 2023/2024 մրցանակաբաշխության «Լավագույն սիրողական ակումբ» անվանակարգում: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:

«Հայ Աղջիկների Առաջնորդությունը ֆուտբոլում» (անգլերեն՝ Girls of Armenia Leadership Soccer — GOALS) հիմնադրվել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով ավելացնել 10-ից 17 տարեկան աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում և նպաստել սպորտում և, մասնավորապես, ֆուտբոլում կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը:

GOALS-ը հիմնադրել է աղջիկների լիգաներ Հայաստանի 11 մարզերից 8-ում՝ ներգրավելով ավելի քան 800 մասնակիցների և կազմակերպելով կանոնավոր մարզումներ և ճամբարներ, ինչպես նաև սոցիալական նախաձեռնություններ:

Այս տարի GOALS-ը պլանավորում է կազմակերպել ֆուտբոլային 20 փառատոն ամբողջ երկրով մեկ՝ նպատակ ունենալով ավելացնել տարբեր համայնքներում գործեղ թիմերի քանակը ևս վեցով:

Այսպիսով, GOALS-ի՝ վերջին տարիներին ծավալած գործունեությունն արժանացել է ՈՒԵՖԱ-ի ամենաբարձր գնահատականին՝ Մասսայական ֆուտբոլի «Լավագույն սիրողական ակումբ» անվանակարգում գլխավոր մրցանակին, որը շնորհվել է կազմակերպության գործադիր տնօրեն Թենի Ավագյանին:

© Armenian Soccer 2024