Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն Armsport-ին տված հարցազրույցում խոսել է ակումբի սպասվող վաճառքի մասին: Նա նաև հերքել է այն տեղեկությունը, թե ռուսական մետալուրգիական ընկերությունը մոտ է երևանյան ակումբը ձեռք բերելուն:
«Անհատների հետ եմ բանակցում, իսկ առաջին դեմքը Եվրոպայից է, ոչ թե Ռուսաստանից: Բանակցությունները դրական կերպով են ընթանում. կարծում եմ՝ մինչև դեկտեմբերի 20-ը գործարքը կիրականացնենք ու կհայտարարենք այդ մասին: Հունվարից թիմն արդեն նոր փուլ է սկսելու՝ ուսումնամարզական հավաքների ու նախապատրաստության առումով, և այդ ամենի հետ ես արդեն կապ չեմ ունենալու: Ինձ համար, իսկապես, շատ կարևոր է, թե ով է շարունակելու իմ գործը: Այս ընթացքում շատ լուրջ հետաքրքրություն կար Կիպրոսի բուքմեյքերական ընկերություններից մեկի կողմից, առաջարկում էին շատ լավ գումարներ, ընդ որում՝ մի քանի անգամ, բայց մերժեցի, քանի որ չեմ ցանկանում՝ «Փյունիկը» հայտնվի բուքմեյքերական ընկերությունների ձեռքում: Դա ինձ համար սխալ է: Ինքս նախատեսում եմ որոշակի կարգավիճակում մնալ ակումբում ու շարունակել աշխատանքս ակումբի ակադեմիայում՝ մանակապատանեկան թիմերի զարգացման ուղղությամբ: Գլխավոր թիմի հետ ես գործ չեմ ունենա. այդ ամենը կփոխանցեմ նոր բաժնետերերին, բայց ակադեմիայի հարցերով կզբաղվեմ ես: Այս առումով ևս կարևոր է, թե ով կլինի նոր գնորդը, որպեսզի կարողանանք միասին աշխատել: Ես շատ եմ ցանկանում, որ «Փյունիկը» շարունակի իր վերելքի ուղին: Ակումբի հիմքն ակադեմիան է. մենք ունենք 6-12 տարեկան 2000-ից ավելի երեխաներ, ու ես շատ եմ ցանկանում, որ նրանք հասնեն իրենց ֆուտբոլային երազանքներին: Խոսքը ոչ թե գործարքի, այլ ապագայի մասին է: Այն մարդիկ, որոնց հետո հիմա բանակցություններ են ընթանում, հիանալի գիտակցում են, որ «Փյունիկը» առաջին հերթին պատասխանատվություն է. թիմը պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար և մրցունակ լինի ոչ միայն Հայաստանում, այլև՝ Եվրոպայում», — ասել է Սողոմոնյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբերին եղել է Երևանում ու հրաժեշտ է տվել գլխավոր թիմին ու մարզչական կազմին:
Ամբողջական հարցազրույցը կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024