Armenian Soccer
Armenian Soccer

«Միջազգային գործընկերները տպավորված էին». Կարեն Գիլոյանը՝ Ֆուտզալի ՉԼ երևանյան եզրափակչի մասին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը խոսել է Երևանում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի մասին: Մրցաշարի կազմակերպման նպատակով ավելի վաղ ՀՀ կառավարությունը շուրջ 280 մլն դրամ էր հատկացրել, Եվս 116 մլն դրամ էլ տրամադրվել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ շենքի մասնակի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների, ինչպես նաև գույքի ձեռքբերման նպատակով:

«Վստահաբար կարող ենք ասել, որ այն ստացված միջոցառում էր, իսկ ՀՀ կառավարության կողմից կատարված ներդրումները միանգամայն արդարացված էին: Տրիբունաներում ավելի քան 5 հազար հանդիսականի ներկայությունն էլ վկայությունն էր այն բանի, որ Հայաստանում հատկապես խաղային մարզաձևերից մասշտաբային մրցաշարի կարոտ կա: Եզրափակիչը ֆանտաստիկ հետաքրքիր էր: Հատկապես ուրախալի էր, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերն իր կարևոր ներդրումն ունեցավ «Պալմայի» չեմպիոնության հարցում, իսկ խաղից հետո հայկական եռագույնով դուրս եկավ խաղադաշտ», — Գիլոյանի խոսքն է մեջբերել ԿԳՄՍ կայքը:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ կատարված աշխատանքները կծառայեն նաև ապագա միջոցառումների համար:

«Հատկացված պետական միջոցների մեծ մասն ուղղվել է գույքի ձեռքբերմանը և ենթակառուցվածքների բարեկարգմանը: Աշխատանքներն արվում են Երևանն ու Հայաստանն աշխարհին ցույց տալու, մեր երկրի հանրահռչակման և ճանաչման համար: Անչափ կարևոր են նաև այս միջոցառումների միջոցով փոխանցված դրական հույզերը»,- փաստում է Կարեն Գիլոյանը:

Անդրադառնալով միջազգային գործընկերների արձագանքներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշում է` նրանք տպավորված են Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի անցկացմանը կազմակերպական մակարդակից. «Նրանք կարծում էին, թե տրիբունաները դատարկ են լինելու, բայց եզրափակիչ խաղին ավելի քան 5 հազար հանդիսական էր հետևում, ինչը բավականին լուրջ թիվ է այն դեպքում, երբ տվյալ երկրի ներկայացուցիչները հանդես չեն գալիս մրցաշարում: Վստահ եմ՝ եթե հայկական թիմ լիներ եզրափակչում, ազատ տեղեր չէինք ունենա: «Սպորտինգ» ակումբի ներկայացուցիչը և մյուսները ներողություն էին խնդրում, որ քննարկումների ժամանակ մտահոգություններ էին հնչեցրել Հայաստանում մրցաշարի կազմակերպման հետ կապված»:

Հիշեցնենք՝ Հայաստանում առաջին անգամ է անցկացվել որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը: Իսպանական «Բարսելոնա» և «Պալմա» թիմերի միջև կայացած եզրափակիչն ավարտվել է «Պալմայի»՝ 5:1 հաշվով գերվստահ հաղթանակով, որը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողի կոչմանը:

© Armenian Soccer 2024