Armenian Soccer
Armenian Soccer

Չեմպիոնների լիգայի նախերգանքը. Մեր հատուկ թղթակցի անդրադարձը եվրագավաթային եզրափակիչներին

Վերջին գործողությունը և …
Մինչ սպասում եք Ստամբուլում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը,  կարող եք առիթից օգտվել ու անդրադառնալ եվրագավաթային մրցաշարերում արդեն կայացած երկու եզրափակիչներին:

Նախ մեկ շաբաթ առաջ Բուդապեշտում Եվրոպա լիգայի եզրափակչում «Սևիլիան» խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակներում ոչ-ոքի` 1:1 հաշվով խաղաց իտալական «Ռոմայի» հետ, ապա 11 մետրանոց հարվածաշարով 4:1 հաշվով հաղթեց Մոուրինյոյի թիմին։

Ապա այս շաբաթ, Պրահայում «Վեսթ Հեմ Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային» ու դարձավ Կոնֆերենցիաների լիգայի չեմպիոն։
Երկու հանդիպումներն էլ շատ նման էին, երկուսում էլ շատ էր թեժ պայքարը, թեև բարեբախտաբար դաժան դրվագների ականատես չեղանք։
Բայց, ցավոք, ֆուտբոլիստները շատ գոլային հնարավորություններ չստեղծեցին, ուստի խաղով հիանալու շատ պատճառներ չկային։ Տիպիկ եզրափակիչ հանդիպումներ էին, որոնցում խաղում են դրանք հաղթելու համար, ոչ թե գեղեցիկ խաղ ցուցադրելու։
Եվրոպա լիգայի եզրափակչում նախ Պաուլո Դիբալան առաջին խաղակեսում առաջ մղեց «Ռոմային»: Ապա Ջանլուկա Մանչինիի ինքնագոլը հավասարեցրեց այն։ Հաշիվը մեծացնելու համար գոլային շատ պահեր չկային։ Ամեն րոպե ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ ոչ մի թիմ չի կարող իր օգտին հանգուցալուծել հանդիպումը և միայն փորձում է հասնել եզրափակիչ սուլիչին: Ավելի էին շատանում վեճերն ու անհամաձայնությունները։ Ինչպես նաև  ժամանակակ շահելու կեղծ փորձերը։ Իհարկե, դա ամենահեշտ հանդիպումը չէր անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորի համար։

Իսկ լրացուցիչ ժամանակում իսկական մղձավանջ էր։ Առաջին կեսից հետո «Ռոմայի» բոլոր պահեստայինները շրջվեցին դեպի իրենց երկրպագուների զբաղեցրած հատվածները և ձեռքերը թափահարելով խրախուսեցին նրանց էլ ավելի շատ աջակցել սիրելի թիմին: Լրացուցիչ ժամանակի երկրորդ հատվածում շատ էին վնասվածք ստացած կամ իսկապես հոգնած խաղացողները, որոնք պառկել էին խաղադաշտում, ուստի մրցավարը խաղը երկարացրեց ռեկորդային 11.25 րոպեով։
Երբ սկսվեց 11 մետրանոց հարվածաշարը, և «Ռոմայի» ֆուտբոլիստները դրանցից երկուսը չիրացրին, անհրաժեշտ եղավ կատարելու վճռորոշ հարվածը, որն էլ ապահովեց «Սևիլիայի» հաղթանակը` 4:1 հաշվով: Գոնսալո Մոնտիելը սկզբում նույնպես չիրացրեց այն, բայց Թեյլորը VAR-ը վերլուծելուց հետո հրամայեց կրկնել 11 մետրանոցը՝ Ռուի Պատրիսիոյի դարպասից շատ արագ դուրս գալու պատճառով: Այս անգամ Մոնտիելն արդյունավետ կերպով հարվածեց, իսկ «Սևիլիան» տանջանքների գնով նվաճեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի գավաթը։

Մեկ շաբաթ անց Պրահայում ես դիտեցի նմանատիպ հանդիպում՝ նույն ընթացքով։ Սաիդ Բենրահման 11 մետրանոց հարվածի շնորհիվ առաջ մղեց «Վեսթ Հեմին», սակայն «Ֆիորենտինան» Ջակոմո Բոնավենտուրայի գոլի շնորհիվ արագ հավասարեցրեց հաշիվը: Կրկին շատ վեճեր և կրկին գոլեր խփելու ոչ այնքան հարմար իրավիճակներ։ Եվ մի՞թե պետք է լիներ նույն մղձավանջը` լրացուցիչ ժամանակով։
Ոչ, քանի որ Պրահայի եզրափակիչը մեկ գործողությամբ տարբերվում էր Բուդապեշտի եզրափակիչից։ Վերջին րոպեին Ջարոդ Բոուենը հիանալի ուղղահայաց փոխանցում ստացավ Լուկաս Պակետից և գնդակով նետվելով դեպի դարպասը՝ այն ուղարկեց դեպի ցանցը։ Սա «Վեսթ Հեմին» տվեց երազանքի գավաթ, իսկ Բոուենը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։
Ես իմ փորձից գիտեմ, որ եթե հաղթական գոլի հեղինակն է ստանում այդ մրցանակը, ապա խաղադաշտում արտասովոր ոչինչ չի լինում։
Այսպիսով, Բոուենը կարծես թե ակնհայտ էր, որ պետք է դա ստանա: Նա պարծենում էր, որ եզրափակիչից առաջ խոսել է իր ընտանիքի անդամների հետ և ասել, որ երազում է վերջին րոպեին գոլ խփել ու գավաթ պարգևել իր սիրելի ակումբին։ Ինչպես տեսնում եք, երբեմն երազանքներն իրականանում են…

Թեև ինձ համար նա հանդիպման իրական հերոսը չէր, այլ երկրպագուները` դրական և բացասական իմաստներով։ Ինչպես նաև Բուդապեշտում կայացած առաջին եզրափակչում։
Մրցակցությունը տրիբունաներում սկսվեց այն ժամանակ, երբ խաղացողները դուրս եկան նախավարժանի: «Ռոմայի» երկրպագուները միանշանակ ավելի լավն էին սուլելու և խմբերգային երգեր կատարելու հարցում։

Սրան պետք է ավելացնել տպավորիչ ստվարաթղթե  պաստառը, որին «Սևիլիայի» երկրպագուները պատասխանել էին հսկայական պաստառով։

Իրենց կատարմամբ տրիբունաները տպավորիչ տեսք ունեին , հատկապես, երբ նրանք հազարավոր սպիտակ և կարմիր շարֆեր բարձրացրին իրենց գլխավերևում ու սկսեցին իրենց երգերը: Խաղից կես ժամ առաջ մարզադաշտը գլորվեց մոլեգին, մռնչյուն, ալեկոծ, եռացող… Մի խոսքով, իսկական թեժ մթնոլորտ, ինչպես իսկական եզրափակչում։

Պրահան էլ հեղեղվեց «Վեսթ Հեմ Յունայթեդի» երկրպագուներով։ Փողոցներում նրանց կարելի էր հեշտությամբ ճանաչել շագանակագույն կամ կապույտ վերնաշապիկների շնորհիվ։ Եվ երբ նրանք կանգնեցին գավաթով հիշատակի լուսանկարի համար, հատուկ դիրքում Վլտավայի հրապարակում՝ Նամեստի Յան Պալաչում, նրանք ձեռքերը խաչեցին իրենց կրծքին, ինչը վկայում էր ակումբի զինանշանի երկու խաչված մուրճի մասին: Չգիտեմ, թե «Վեսթ Հեմի» քանի երկրպագու էր եկել Պրահա, բայց կասկածում եմ, որ առնվազն մի քանի հազարը որոշել էին ճանապարհորդել առանց խաղի տոմսի։
Էդեն մարզադաշտը սկսեց «կենդանանալ» խաղից երկու ժամ առաջ։ Ֆանտաստիկ երկրպագումը չդադարեց մինչև վերջին րոպեն։ Չնայած Պրահայի մարզադաշտը ցավոք, փոքր տարողություն ունի (ընդամենը 19000), սակայն այն ունի հիանալի ակուստիկա, որը զգացվում էր անընդհատ։

Ցավոք սրտի, լոնդոնցի երկրպագուները հանդիպման սկզբում ըմպելիքներով  պլաստմասե բաժակներ նետեցին  Կրիշտիանու Բիրագիի վրա, երբ վերջինս փորձում էր անկյունայինից հարվածել գնդակին։ Այնուհետև նրանք կրկնեցին դա հաջորդ իրացման ժամանակ այնքան արդյունավետ, որ «Ֆիորենտինայի» ավագին գլխին հարկավոր եղավ վիրակապ դնել: Երբ «Վեսթ Հեմը» խփեց հաղթական գոլը,  եզրափակիչ սուլիչից մի քանի րոպե անց ոչ ոք չկարողացավ վերահսկել իրավիճակը։ Լոնդոնյան ակումբի երկրպագուները սկսեցին վազել խաղադաշտ, տիրեց սարսափելի խառնաշփոթ, տոտալ խելագարություն, որը հաջողվեց հանդարտեցնել միայն որոշ ժամանակ անց։
Նման հույզերի ժայթքման շնորհիվ այս հանդիպումը, որի նման մեկն էլ ավելի վաղ տեղի էր ունեցել Բուդապեշտում, անշուշտ կմնա իմ հիշողության մեջ։ Ճիշտ այնպես, ինչպես Բոուենի գոլը, իհարկե: Բայց ես չեմ կասկածում, որ «Սևիլիայի» և «Վեսթ Հեմի» երկրպագուների համար երկու հանդիպումներն էլ միշտ կմնան ամենագեղեցիկները:


Դարիուշ Կուրովսկի` հատուկ Armenian Soccer-ի համար

© Armenian Soccer 2023