UEFA-ի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության ընթացքում ի թիվս երեկոյի գլխավոր մրցանակների՝ հանձնվեցին մրցանակներ նաև Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի դիրքային լավագույն ֆուտբոլիստներին:
Այդպես՝ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն դարպասապահ ճանաչվեց «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին: Չեմպիոնների լիգայում անցկացրած 12 հանդիպումներից 9-ում Մենդին թիմի դարպասը անառիկ է պահել:
«Ես անչափ շոյված եմ՝ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ես կուզեի շնորհակալություն հայտնել իմ ակումբին, իմ մարզչին, անձնակազմին, դարպասապահների իմ 2 մարզիչներին, և, իհարկե, իմ թիմին, առանց որի այս ամենն անհնար կլիներ: Ինչպես նաև ես կուզեի շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ տավա ընթացքում աջակցության համար, և հույս ունեմ, որ այս մրցաշրջանում թույլ կտաք վերապրել այդ վառ հույզերը»,-ասաց Մենդին իր տեսաուղերձում:
Լավագույն պաշտպան է ճանաչվել Ռուբեն Դիաշը «Մանչեսթր Սիթիից»: Դիաշը մասնակցել է Չեմպիոնների լիգայի 12 հանդիպումների, այդ թվում նաև «Չելսիի» հետ եզրափակչին, որում «Մանչեսթր Սիթին» պարտվեց:
«Ես անչափ երջանիկ եմ՝ ստանալ Չեմպիոնների լիգայի լավագույն պաշտպան մրցանակը: Այն շատ բան է ինձ համար նշանակում, և ես կուզեի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակիցն են եղել այս ամենի: Անհամբեր սպասում եմ հաջորդ մրցաշրջանին»,-ասաց Դիաշը տեսաուղերձում:
Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանը Ն՛Գոլո Կանտեն է «Չելսիից»: Կանտեն մասնակցել է 13 հանդիպման ու կատարել 1 գոլային փոխանցում:
«Ուրախ եմ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Շնորհակալություն իմ թիմակիցներին ու ակումբին, ովքեր օգնեցին ինձ ստանալ այս մրցանակը: Բոլորիդ մաղթում եմ լավագույնը: Մինչ հանդիպում»,-տեսաուղերձում ասաց Կանտեն:
Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն հարձակվող ճանաչվեց Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդը: «Բորուսիայի» կազմում Հոլանդը հասավ 1/4 եզրափակիչ, որտեղ դորտմունդցիները զիջեցին «Մանչեսթր Սիթիին»: Ֆուտբոլիստը մասնակցել է Չեմպիոնների լիգայի 8 հանդիպման ու դարձել 10 գոլի հեղինակ:
«Ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակը ստանալը: Մրցանակն ինձ մոտիվացնում է ավելին անել ու անդադար կատարելագործվել: Շնորհակալություն բոլորին, ովքեր քվեարկել են ինձ համար ու շնորհակալություն նրանց, ովքեր սիրում ու աջակցում են ինձ ամեն օր: Եվ վերջապես, շնորհակալություն իմ թիմակիցներին, ովքեր իրենց ավանդն ունենայս կարևորագույն մրցանակի հարցում: Այժմ ժամանակն է նորից սկսել: Եկել է Չեմպիոնների Լիգայի ժամանակը ու ես անհամբեր եմ»,-ասաց Հոլանդն իր տեսաուղերձում:
Հիշեցենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպեցին անգլիական «Մանչեսթր Սիթին» ու «Չելսին»: «Արիստոկրատները» «Սիթիի» հաղթեցին նվազագույն՝ 1:0 հաշվով: Խաղի միակ գոլի հեղինակը Կայ Հավերցն էր:
Images: UEFA
©2021 Armenian Soccer