Armenian Soccer
Armenian Soccer

Armenian Soccer Awards հոբելյանական՝ 10-րդ մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա

Մեծ ափսոսանքով հայտնում ենք, որ ֆինանսավորման բացակայությամբ պայմանավորված՝ Armenian Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխություն այս տարի չի կայանա:

2024-ը հոբելյանական էր լինելու արդեն ավանդական դարձած բազմամյա մրցանակաբաշխության համար. այն կայանալու էր 10-րդ անգամ:

Նշենք, որ 2015 թվականից ի վեր Armenian Soccer կայքն անցկացնում է քվեարկություն, որին մասնակցում են մարզական լրատվամիջոցները, հայկական ֆուտբոլային ակումբների, ՀՖՖ-ի ներկայացուցիչները և Armenian Soccer-ի փորձագիտական խումբը:

Առաջին հանդիսավոր և մեծամասշտաբ պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ 2019-ին: 6-րդ մրցանակաբաշխությունից ի վեր՝ ամեն տարի մասշտաբներն ընդլայնվեցին, մեծացավ հետաքրքրությունը, քվեարկությանը մասնակցողների թիվը: 2023 թվականին կայացած 9-րդ մրցանակաբաշխության ժամանակ արդեն ունեցանք 8 անվանակարգ: Առաջին անգամ պարգև հանձնվեց նաև քվեարկությամբ ընտրված Հայաստանի առաջնության խաղերի լավագույն մեկնաբանին: Մեր մրցանակաբաշխության մյուս անվանակարգերն են՝ «Լավագույն դարպասապահ», «Լավագույն պաշտպան», «Լավագույն կիսապաշտպան», «Լավագույն հարձակվող», «Լավագույն գոլ», «Լավագույն մարզիչ» և «Լավագույն հայ ֆուտբոլիստ»:

Լիահույս ենք, որ 2025-ին հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխությունն անպայման կկայանա: Ուրախ կլինենք համագործակցություններ հաստատել հայկական ֆուտբոլն արժևորող և այդ ֆուտբոլում նշանակալի աշխուժություն մտցնող մեր մրցանակաբաշխությանն աջակցելու պատրաստական ընկերությունների հետ: Մենք հավատում ենք, որ լավագույններին գնահատելը և պարգևատրելը միշտ էլ խթանում է մարզիչներին, ֆուտբոլիստներին, ֆուտբոլային գործիչներին, ավելի մոտիվացված մոտենալ գործին, ինչն ավելի է նպաստում մեր ֆուտբոլի զարգացմանը։ Դուք կարող եք մեր աջակիցը դառնալ այս ճանապարհին:

Ամենայն հարգանքով՝ Armenian Soccer Awards մրցանակաբաշխության մամուլի ծառայություն:

© Armenian Soccer 2024