ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարեցին, որ 2029 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ անցկացնելու վերաբերյալ հայտ են ներկայացնելու ՖԻՖԱ:
«Հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև բարի-դրացիական հարաբերությունները և, չեմ վախենա այդ բառից, փայլուն փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, երկու երկրների ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին կայանալիք Երիտասարդական աշխարհի առաջնությունը համատեղ անցկացնելու վերաբերյալ և համատեղ հայտի շուրջ աշխատանքները սկսել արդեն այսօր», — Երևանում կայացած բրիֆինգի ժամանակ ասել է Արմեն Մելիքբեկյանը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ներկայացմամբ՝ անցյալ տարի երկու ֆեդերացիաների անձնակազմերը, ղեկավար կազմերը հանդիպումներ են ունեցել Թբիլիսիում և որոշում է կայացվել հայտարարությունն անել Երևանում:
«Սա ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող խոշորագույն մրցաշարերից է, և եթե մենք կարողանանք այս հայտում հաղթել, մեզ համար մեծ պատիվ կլինի անցկացնել համատեղ մրցաշարը: Բնականաբար, մենք նախնական կոնսուլտացիաներ ենք ունեցել ֆուտբոլը կառավարող եվրոպական և համաշխարհային մարմինների հետ: Պետք է ասեմ, որ ՈՒԵՖԱ-ն արդեն իսկ հաստատել է, որ աջակցելու է Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտը: Սա մեզ համար արդեն իսկ առաջին և շատ կարևոր քայլն է», — հավելել է Մելիքբեկյանը:
© Armenian Soccer 2024