Այս տարի նշվում է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձը։ Հոբելյանական տարին հագեցած է լինելու մի շարք միջոցառումներով, որոնց մեկնարկը տրվել է մարտի 28-ին` եղբայրներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների հատուկ արխիվային լուսանկարների ցուցադրությամբ։
«Արարատի» փայլուն հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ Armenian Soccer կայքն անդրադառնալու է լեգենդար թիմի հաջողություններին և ձեզ հետ միասին շրջելու հեռավոր 1973 թվականով։
ՆԱԽԱԲԱՆ
Երևանի «Արարատը» հիմնադրվել է 1935 թվականին։ Ի սկզբանե թիմը կոչվել է Երևանի «Սպարտակ», ապա 1938 թվականից անվանափոխվել «Դինամո»: 1954-62 թթ. կրկին վերադարձել է նախկին` «Սպարտակ» անվանմանն ու 1963 թվականից սկսած վերջապես կրել «Արարատ» անունը, որով էլ հանդես է գալիս մինչ օրս։
Խորհրդային տարիներին «Արարատը» հանդես է եկել ԽՍՀՄ առաջնությունում, իսկ մեր ակումբի ֆուտբոլիստներից շատերը խաղացել են նաև ԽՍՀՄ հավաքականում։ Ներկա պահին «Արարատը» ելույթ է ունենում Հայաստանի պրեմիեր լիգայում։
«Արարատի» սկզբնավորման առաջին տարիներն այնքան էլ նշանակալի չեն եղել, սակայն արդեն 1950-ականներից թիմը նկատելի հաջողությունների է սկսել հասնել։ 1954 թվականին, դեռևս կոչվելով Երևանի «Սպարտակ», թիմը մասնակցում է ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչին, որտեղ դժվարին խաղում 1:2 հաշվով պարտվում է Կիևի «Դինամոյին»:
Ռևանշի ժամանակը դեռ գալու էր….
Տևական ժամանակ հանդես գալով տարբեր դիվիզիոններում, 1966 թվականի մրցաշրջանից սկսած՝ «Արարատը» կանոնավոր կերպով ելույթ է ունենում ԽՍՀՄ առաջնության բարձրագույն դիվիզիոնում։
1970-ականներին սկսվում են Երևանի «Արարատի» ոսկե տարիները։
Նախ 1971 թվականին արարատցիները դառնում են ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիրներ, ինչը թիմի պատմության գրանցած ամենամեծ նվաճում էր այդ պահին։ Հաջորդ տարի`1972 թվականին, «Արարատի» ղեկը ստանձնում է ԽՍՀՄ-ում ճանաչված ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, այնուհետև լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Վերջինս էլ դնում է հիմքն «Արարատ-73-ի»։
«ԱՐԱՐԱՏ-73»-Ի ՓԱՌԱՀԵՂ ԴՈՒԲԼԸ. ՄԻՋԱԿԻ ՊԻՏԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԹԻՄԻ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Վստահ ենք, բոլորդ էլ լսել եք «Արարատ-73»-ի մասին, բայց գիտե՞ք արդյոք, թե ինչո՞ւ է տարբերակվել այս անվանումն ու ի՞նչ փառահեղ հաղթանակների մասին է խոսքը։
1973 թվականի հոկտեմբերին Երևանի «Արարատը» դարձել է «ոսկե դուբլի» հեղինակ ` նվաճելով ԽՍՀՄ գավաթն ու երկրի չեմպիոնի կոչումը։ Հայակական թիմից առաջ միայն հինգ ակումբի էր հաջողվել նման մեծ հաջողության հասնել՝ Մոսկվայի «Սպարտակին», «Դինամոյին», «Տորպեդոյին», ԲԿՄԱ-ին և Կիևի «Դինամոյին»։
Նիկիտա Սիմոնյանի մասնագիտական սուր աչքն արարատյան թիմում հայտնվելու առաջին իսկ օրերից նկատել էր իր խաղացողների ֆուտբոլային որակները։ Նրանք բոլորն էլ ցանկանում էին հաղթել և մարզչից միայն պահանջվում էր ճիշտ բաշխել ուժերն ու խաղացողներին ըստ արժանավույնի դասավորել խաղադաշտում։ Թիմը համալրելիս Սիմոնյանն իր կազմում ընդգրկել էր նաև մի քանի նոր հեռանկարային խաղացողների։
Ժամանակը ցույց տվեց, որ նրան հաջողվել էր աստղային կազմ ստեղծել՝ ի դեմս Արկադի Անդրեասյանի, Էդուարդ Մարկարովի, Լեւոն Իշտոյանի, Հովհաննես Զանազանյանի (որն ավագն էր), Ալյոշա Աբրահամյանի, Ալեքսանդր Կովալենկոյի, Նիկոլայ Կազարյանի ու Սերգեյ Բոնդարենկոյի։
ՌԵՎԱՆՇԸ ԿԱՅԱՑԱՎ` ԳԱՎԱԹՆ «ԱՐԱՐԱՏԻՆՆ» ԷՐ
ԽՍՀՄ գավաթի եզրափակիչը կայացավ հոկտեմբերի 10-ին: 19 տարի անց կրկին իրար դեմ էին մրցում Երևանի «Արարատն» ու Կիեւի «Դինամոն»: Չնայած նրան, որ այդ տարիներին «Արարատը» դասվում էր միջակ թիմերի շարքին, այնուամենայնիվ Սիմոնյանի սաները չէին մոռացել 1954 թվականին կրած պարտությունն ու խաղի էին եկել ռևանշի հասնելու մտադրությամբ:
Մոսկվայի Լենինի անվան մարզադաշտը լեփ-լեցուն էր: Երկրպագուներ էին ժամանել և Երևանից, և Ուկրաինայից: Խաղի երկրորդ կեսի սկզբնամասում ուկրաինացիները 11-մետրանոց հարվածով առաջ էին անցել հաշվի մեջ։ Այնուհետև, երբ հանդիպման ավարտին 3 րոպե էր մնացել, «Դինամոյի» ֆուտբոլիստներն ու ամբողջ ղեկավար կազմն արդեն մտովի տոնում էին հաղթանակը։ Անգամ թիմի գլխավոր մարզիչը հանդգնել էր փորձառու երկու ֆուտբոլիստի փոխարինել, իսկ ղեկավարներն իջել էին տրիբունայից և պատրաստվում էին մեդալների հանձնմանը։
Բայց, նրանց ուրախության վերջը դրեց Լևոն Իշտոյանը, որը 89-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ ու հավասարեցրեց հաշիվը։ Կարծում ենք կարիք չկա ասելու, թե ինչ էր կատարվում մարզադաշտում և իհարկե նաև Հայաստանում։
Այն ժամանակ հաղթողը պետք է որոշվեր լրացուցիչ ժամանակում, կամ հաջորդ օրը։ Ինչպես պատմում է Նիկիտա Սիմոնյանը, «Դինամոյի» ֆուտբոլիստները պատրաստ էին ժամերով վազել, իսկ մերոնք հաջորդ օրը չէին կարողանա խաղալ, այնպես որ ամեն ինչի վերջը պետք է դրվեր լրացուցիչ ժամանակում։
«Արարատի» ֆուտբոլիստները դուրս եկան խաղադաշտ, վստահ լինելով, որ կարող են լեգենդար նվաճման հասնել ու այդպես էլ արեցին։ Նույն Իշտոյանը խփելով իր 2-րդ գոլն` ազդարարեց թեժ ու լարված հանդիպման ավարտն ու արձանագրեց «Արարատի» փառահեղ հաղթանակը` 2:1:
Ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, երկրպագուները, բոլորը ցնծության մեջ էին։ Հայաստանում օրեր շարունակ նշվում էր «Արարատի» մեծ նվաճումը` հայերիս հատուկ ոճով` երգ ու պարով, խորովածով ու խմիչքով։ Իհարկե «Արարատի» ֆուտբոլիստները ժամանակ չունեին նշելու սեփական հաղթանակը, քանի որ այդ ժամանակ զուգահեռ շարունակվում էր ընթանալ ԽՍՀՄ առաջնությունը, իսկ երկրի բարձրագույն դիվիզիոնի կոչման համար էլ պակաս թեժ պայքար չէր ծավալվում։
«ԱՐԱՐԱՏԸ» ` ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ
Ճիշտ է, ԽՍՀՄ գավաթակիր դառնալը մեծ նվաճում էր, բայց երկրի առաջնությունն առանձնահատուկ տեղ ուներ յուրաքանչյուր թիմի ու ֆուտբոլիստի համար։ Նպատակը մեկն էր` հաղթել հերթական խաղում և վճռականորեն մոտենալ հաջորդին։ «Արարատի» տղաները` Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ այդպես էլ անում էին։ ԽՍՀՄ 35-րդ առաջնությունը նշանավորվեց «Արարատի» հաղթանակով։
Առաջնությանը մասնակցում էին 16 թիմ։ 30 տուրից բաղկացած մրցաշարում «Արարատը» վաստակել է 39 միավոր` գրանցելով 18 հաղթանակ, 7 ոչ-ոքի և 5 պարտություն։ Ընդ որում այն ժամանակ ոչ-ոքիի դեպքում թիմերը 11-մետրանոց հարվածաշար էին անցկացնում, որում հաղթողը ստանում էր 1 միավոր։ «Արարատը» 7 ոչ-ոքիից 3 խաղում հաղթել է, իսկ 4-ում` պարտվել։ Մոտակա հետապնդողները Կիևի ու Մոսկվայի «Դինամոներն» էին։
Վերջին տուրում «Արարատը» «Հրազդան» ստադիոնում մրցում էր «Զենիթի» հետ։ Սեփական մարզադաշտում խաղալն ավելի ինքնավստահ էր դարձրել մեր ֆուտբոլիստներին և նրանք խոստումնալից խաղ էին ցուցադրում։ Հանդիպման հաշիվը բացեց թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը: Այնուհետև Էդուարդ Մարկարովը կրկնապատկեց այն։ Թվում էր մեր թիմը մոտ է հաղթանակին, բայց հյուրերն արագորեն կարողացան հավասարեցնել հաշիվը։ Այս հանդիպման հերոսը դարձավ Էդուարդ Մարկարովը, որն ինչպես Իշտոյանը գավաթի եզրափակչում, դառնալով դուբլի հեղինակ փառահեղ հաղթանակ ապահովեց «Արարատի» համար։
Սկզբում գավաթակիր, ապա երկրի չեմպիոն, այն էլ այնպիսի թիմերի հետ մրցակցությունում, ինչպիսին Կիևի ու Մոսկվայի «Դինամոներն» էին։
Իրոք որ փառահեղ է, լեգենդար նվաճում, ֆանտաստիկ դուբլ, որն ինչպես 1973 թվականին, այնպես էլ մինչ օրս ուրախություն է պարգևում մեզ` հայերիս։
«Արարատը» նաև հիանալի ելույթներ է ունեցել եվրոպական մակարդակի մրցաշարերում, որոնց մասին կպատմենք 2-րդ մասում։
ՀԵՂԻՆԱԿ` ԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Ալբերտ Օգանեսյանի անձնական արխիվից
© Armenian Soccer 2023