Տարիներ առաջ իր մի հարցազրույցում լեգենդար Էդուարդ Մարկարովն ասել էր՝ «Ֆուտբոլն էլ, ինչպես շախմատը, ոչ պակաս խելքի խաղ է»: Ակնառու է, որ ԲԿՄԱ-ում մեծ կարևորություն է տրվում ինտելեկտին, և ֆուտբոլիստների շրջանում քարոզվում են ընթերցանությունը, մշակույթը, կրթությունը: Հայկական ֆուտբոլի մասին Գագիկ Աղբալյանի հետ Armenian Soccer-ի զրույցի առանցքում նաև այս թեմաներն էին:
— Պարոն Աղբալյան, ԲԿՄԱ-ն իր գոյության հենց սկզբից ցույց տվեց, որ մեծ նշանակություն է տալիս գրականությանը և մշակույթին: Սկսենք գրքերից: Ինչպե՞ս ստացվեց ձեր համագործակցությունն «Անտարեսի» հետ:
— Անտարեսը մեր ամենակարևոր գործընկերից է: Կարգախոսներն էլ հիմնականում քննարկում ենք «Անտարեսի» գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի հետ՝ «Գլխով խաղա», «Գրքով խաղա», «Կարդա, որ հաղթես»: Ամեն տարի թարմացնում ենք: Մի երեք-չորս մրցաշրջանի պահեստային կարգախոսներ էլ դեռ ունենք (ծիծաղում է՝ հեղ.):
Աշխատել եմ տարբեր ոլորտներում, տարբեր մասնագիտություններ ունեմ, շատ կարևորում եմ կրթությունը: Տարօրինակ եմ համարում, որ, օրինակ, ֆուտբոլիստները, դպրոցական լեզվով ասած, իրենց առարկան թերի գիտեն: Կարծում եմ որ ֆուտբոլի շուրջ գիտելիքի ձևավորումը միայն մարզական տերմինաբանությամբ և մարզական գիտելիքով չի ավարտում։ Վերջերս Պլատոնի «Պետությունն» էի կարդում, որում պետության պահապաններն առաջին հերթին պետք է տիրապետեն մուսաների արվեստներին: Գիտեք՝ Հին Հունաստանում կար թատրոնը, երաժշտությունը, պոեզիան, մաթեմատիկան և այլն: Մեջբերելով Պլատոնին՝ կուզեմ ասել, որ սպորտային նույնպես պետք է տիրապետել երկու բանի՝ բուն մասնագիտությանը և արվեստին, մշակույթին, գիտությանը, որովհետև ֆուտբոլի զարգացումը հիմնված է գիտության զարգացման վրա. եթե չզարգանա գիտությունը, այս տեմպերով և այսքան հետաքրքիր չի զարգանա ֆուտբոլը: Մարդիկ՝ շատ խելացի գլուխներ, որոնք ֆուտբոլ չեն խաղում ու երևի երբևէ չեն էլ խաղացել, տարիներով անում են հետազոտություններ, անում են վերլուծություններ օրգանիզմի ծանրաբեռնվածության, վերականգնման, վնասվածքների, տակտիկական օրինաչափությունների և այլնի մասին: Ես հիմա ընդամենը կենսաբանության մասին խոսեցի: Դեռ նեյրոգիտությանն էլ կարող ենք անդրադառնալ: Եվ այս ամենը փոխանցվում է ֆուտբոլային աշխարհի մարդկանց, և երբ մենք տեսնում ենք համաշխարհային մասշտաբի գիգանտ մարզիչների, պետք է իմանանք, որ նրանց աշխատանքի թիկունքում գիտական մեծ ծավալի աշխատանք է արվել: Իսկ հայկական ֆուտբոլում մտայնություն կա, որ ֆուտբոլի մասին պետք է խոսեն բացառապես ֆուտբոլ խաղացած մարդիկ: Գիտությունը և ֆուտբոլը շաղկապված են, ու շատ կարևոր է, որ մարզիկները լինեն ինտելեկտուալ, առաջին հերթին՝ մարզիչները լինեն ինտելեկտուալ: Միայն շատ կրթված, հետաքրքիր աշխարհընկալում ունեցող, առաջնորդի կարողություններով մարզիչները կարող են պատրաստել հեռանկարային ֆուտբոլիստներ: Կուզեմ Արմեն Գյուլբուդաղյանցից մեջբերում անել. ասում է՝ միայն տաղանդավոր մարզիչները կարող են տաղանդավոր ֆուտբոլիստներ պատրաստել: Դպրոցում էլ է այդպես, բանակում էլ է այդպես, ամեն տեղ այդպես է. առաջնորդն է որոշում իր հետևորդի ճակատագիրը:
Հիմա հասել ենք նրան, որ, մի քանի տարի առաջ մշակույթից ու գրականությունից խուսափող մարդիկ գալիս են սիմֆոնիկ երաժշտության համերգի, նույնիսկ իրենց ընկերուհիներին են հրավիրում: Եղել են կոնկրետ դեպքեր, ինչի համար շատ ուրախ եմ: Սա ճանապարհ է, որտեղ բարդություններ կան, բայցև հույսն էր շատ, որովհետև կամքս է շատ:
Հիմա արդեն թատրոնի հրավերներ անում եմ մեր մյուս ակումբների պատանեկան թիներին: Իսկ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում դասախոսությունների շարք ենք սկսել: Վերջերս մեզ հյուր էր եկել ալպինիստ Գևորգ Գասպարյանը, որը 37 անգամ Արարատ է բարձրացել, եղել է Էվերեստի, Կիլիմանջարոյի գագաթներին: Մի քանի օրից հնագետ Միքայել Բադալյանին կհյուրընկալենք, այնուհետև աղջիկների թիմի համար դասախոսություն կկարդա դիզայներ-մոդելավորող Սիրանուշ Հակոբյանը: Նա խոսելու է հայկական զարդանախշերից: Վերջերս փոքրերի մի թիմի ուղարկել էինք կավագործության: Հետադարձ չկա, մենք առաջ ենք գնում:
— Գրքերն ի՞նչ սկզբունքով են ընտրվում: Վերջերս Ձեր գրառումներից հասկացա, որ քննադատություններ կան:
— Շատ ուժեղ քննադատություն եղավ: Ալիքը սկսվեց լրագրողներից, ձնագնդի պես մեծացավ թեման, հասավ մարդկանց, որոնք Արցախյան պատերազմին էին մասնակցել: Նույնիսկ մի լրագրող մեզ թուրքերենով գրել էր «Դուք թուրքեր եք»: Մենք գրքերը շրջանառում ենք մի քանի ձևով՝ ծննդյան օրերին և խաղերին՝ ընտրելով լավագույն ֆուտբոլիստներ, նաև տրիբունայում է լինում խաղարկություն: Մի օր խաղարկեցինք քուրդ հեղինակ Բուրհան Սյոնմեզի «Ախ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը: Շահող տոմսը մի զինվորի մոտ էր: Մեզ քննադատեցին «թուրքական գիրքը» զինվորին նվիրելու մեջ: Քննադատողներից ոչ ոք գիրքը չէր կարդացել ու մինչև հիմա էլ չի կարդացել: Գիրքը 3 մարդու մասին է, որոնք հայտնվում են Ստամբուլի բանտում և ենթարկվում կտտանքների: Ըստ էության, գիրքը հակաթուրքական է: Հեղինակն էլ ժամանակին քաղաքական ակցիաների համար մի քանի անգամ ձերբակալվել է, նույնիսկ մահափորձ է արվել նրա դեմ, հիմա Մեծ Բրիտանիայում է ապրում: ՀՖՖ մրցավարների տեսուչ Կամո Մահտեսյանը այդ պատմությունից օրեր անց հետաքրքրվեց այդ աղմուկով: Գրքի մի օրինակ էլ վերցրի գրախանութից և նվիրեցի: Ավելի ուշ հանդիպեցինք, դեռ չէր ավարտել, բայց ասաց՝ «Այս գրքում շատ ուսուցողական բաներ կան»:
Ըստ իս՝ եթե գիրքը գեղարվեստական արժեք է ներկայացնում, ուրեմն կարելի է կարդալ: Մարզիկը պետք է առնչվի գեղարվեստական արժեք ներկայացնող ցանկացած գրականության, երաժշտության, ներկայացման հետ: Ես կարծում եմ, որ պետք չէ ստեղծել փակ աշխարհ, սահմանափակել մարդկանց: Սովետական շրջանում էր այդպես, երբ մարդիկ անհաղորդ էին իսկապես բարձրարժեք շատ ստեղծագործությունների, հետո աշխարհը բացվեց, ու հասկացան, թե ինչքան բան են բաց թողել:
Ֆուտբոլի կազմակերպիչները մեծ պատասխանատվություն են կրում նրանց առաջ, ում երազանքի հետ աշխատում են: Նույնիսկ երբ արդյունքների համար երկրպագուները քննադատում են, պատասխանատվությունն այդ երկրպագուների առաջ այնքան մեծ չպետք է լինի, որքան այն 6 տարեկան երեխայի առաջ, որը գալիս է ֆուտբոլ խաղալու: Մենք նրան պետք է փոխանցենք գիտության ու աշխարհաճանաչողության վրա հիմնված մեր փորձառությունը՝ միաժամանակ տալով ինքնուրույն դատողություններ անելու ազատություն: Իսկ մենք, քիչ չի՝ չենք կրթվում, քիչ չի՝ ամեն ինչի մեջ վախեր ենք տեսնում, դեռ մի բան էլ սահմանափակում ենք մյուսներին, ստեղծելով կիսազարգացած համակարգ:
Քննադատում ենք, չէ՞, որ մանկապատանեկան հավաքականները լավ ելույթներ չեն ունենում: Դրա պատասխանատվությունը ես պետք է կրեմ, պետք է կրեն ակադեմիաների մարզիչները, քննադատող սեփականատերերը, որոնք լավ կրթություն ապահովելու պարտավորություն ունեն: Եթե մարզիչը լիցենզավորվելուց հետո չի շարունակում ինքնակրթությամբ, լինելու է ամենասովորական մարզիչ, որը պատրաստելու է ամենասովորական ֆուտբոլիստների: Եվ ոչ մի արտասովոր արդյունք: Անհատներին պատրաստելը, նրանց հաջողությանը նպաստելը կարող է բերել հավաքականի հաջողություններին: Լավ մարզչական դպրոցը միայն կարող է ստեղծել լավ ֆուտբոլային համակարգ: Ես ընդունում եմ տեխնիկական բոլոր հարցերը, խոչընդոտները, խնդիրները, բայց այլ հարց էլ է կարևոր. մարզիչն ի՞նչ է անում երեխայի հետ աշխատելիս, ի՞նչ է փոխանցում նրան, որքանո՞վ է պատանի ֆուտբոլիստն իր մարզչով ոգևորված…
— Մենք մի տեղ մոռանում ենք մեկ այլ կարևոր հանգամանք՝ ընտանիքի, հասարակության մենթալիտետը, որից դուրս են գալիս երեխաներն ու գալիս ֆուտբոլի: Հենոյի ֆենոմենը մի կողմ թողնենք, նա ֆուտբոլիստ դառնալու համար ճիշտ դաստիարակություն էր ստացել ընտանիքում, բայց շատ ընտանիքներում ֆուտբոլի մասին պատկերացումները սխալ են հաճախ: Արդյոք ակումբները զորե՞ղ են այնքան, որ կարողանան երեխայի մեջ կոտրել այն կոմպլեքսներն ու սխալ պատկերացումները, որ ընտանիքում են սերմանվում:
— Ծնողները ոչ միայն Հայաստանում է, որ խանգարում են երեխաներին ճիշտ զարգանալ: Ես նույն երևույթին հանդիպում եմ սպորտի զարգացման մասին օտար՝ հատկապես ամերիկյան մասնագիտական գրականություն կարդալիս: «Կովկասի գերուհին» ֆիլմում հերոսն ասում է՝ «Նա, ով մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի»: Եթե այս արտահայտությունը ձևափոխենք՝ «Նա, ով մեզ պետք է օգներ, ինքն էլ մեզ խանգարում է»: Թող ներեն ինձ ծնողները, բայց որքան հետևել եմ, շատ ծնողներ իրենց երեխայի առաջին խանգարողն են: Նրանք դնում են մեծ պահանջներ, ու երեխայի մոտ առաջանում է այդ պահանջներին չհամապատասխանելու կոմպլեքսը: «Գոլ խփի՛ր» կամ «Ինչո՞ւ դու չխփեցիր, փոխանցեցիր», «Տես քո ընկերը ոնց է խաղում»… Եվ երեխան սկսում է մտածել, որ ինքն անկարող է: Ասեմ Ձեզ՝ մեր երիտասարդներն ու պատանիները շատ կոմպլեքսներ ունեն: Մարզիչներն էլ են կոմպլեքսներով փաթաթում երեխաներին, շատ են գնահատականները: Իսկ առանց գնահատականների սովորեցնելը դժվար գործ է: Շրջապատի գնահատականը մեզ համար նույնանում է, սկսում ենք դա ընդունել որպես ինքնագնահատական: Եթե հետևենք մեր խոսքին, կնկատենք, որ գնահատականների լեզվով ենք խոսում: Բայց եթե մենք պատասխանատվությունը, թեկուզ պատասխանատվության կեսը թողնենք ծնողների վրա, կարծում եմ, մարտավարական ու սկզբունքային շատ մեծ սխալ թույլ կտանք: Մարզիչն ի սկզբանե պետք է իմանա, որ ծնողը մասնագետ չէ. Նա կարող է օգնել, բայց կարող է և խանգարել: Մարզչի խնդիրն է՝ երեխայի համար լինել լուսավոր կետ և օգնել զարգանալ: Մարզիչը չպետք է խուսափի պատասխանատվության իր չափաբաժնից: Նա պետք է գիտակցի, որ, ըստ էության, ինքն այդ համալիր գործընթացում բախվելու է ծնողի պատկերացումներին, ակումբի նախագահի պատկերացումներին, դեպի անդունդ տանող բակային մտածելակերպին:
— Վերջերս նոր մասնագիտություն եք ստացել: Խոսենք քոուչինգից, մասնագիտացել եք հենց սպորտայի՞ն քոուչինգի մեջ:
— Կրթություն եմ ստացել շատ հեղինակավոր կառույցում՝ քոուչինգի կանադական դպրոցը համարվող «Ericsson International» ինստիտուտում: Քանի որ ֆուտբոլում եմ աշխատում, և սպորտում հոգեբանությունն անչափ կարևոր է, ստացած գիտելիքներս կիրառում եմ իմ աշխատանքի մեջ: Հիմա արդեն ոչ միայն ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների հետ եմ աշխատում որպես քոուչ, այլև՝ մի քանի այլ ակումբների մի քանի մարզիկների հետ: Համագործակցել եմ նաև Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի հետ: Իմ այցելուների մեջ կան նաև բռնցքամարտիկ և ձյուդոիստ: Քոուչինգը ԲԿՄԱ-ում կիրառվում է արդեն գրեթե 2 տարի: Մարզիկների հիմնական մասը գոնե 4-5 այց ունենում է:
Քոուչինգը կարճ ժամանակում դեպի արդյունքը միտված պրոցես է: Այն աշխարհում շատ մեծ տարածում ունի: Քոուչներ ունեն շատ անվանի մարզիկներ, արտիստներ, քաղաքական գործիչներ ու գործարարներ: Քոուչինգում կիրառվում են հոգեբանության շատ տարբեր գործիքներ: Մի առանցքային տարբերություն կա հոգեբանության և քոուչինգի միջև. քոուչն անցյալի տրավմաների հետ չի աշխատում, փոխարենը հնարավորություն է տալիս մարդուն՝ տեսնելու իր ռեսուրսներն ու ողջ պոտենցիալը, ամբողջ ծավալով և պատկերավոր տեսնել ապագան և որոշել, թե ինչ գործողություններով պետք է հասնի նպատակին:
— Քանի որ Դուք կարևորում եք գրականությունը, ավարտենք գրականությամբ՝ ո՞ր գիրքն անպայման պետք է կարդացած լինի յուրաքանչյուր մարզիկ ու սպորտասեր:
— Ցանկացած գրքի ընթերցում, ցանկացած փորձառություն և ցանկացած մարդու հետ հանդիպում, որը մեզ շանս կտա ունեցած պատկերացումներից դուրս գալու, կարևոր է: Մեզ խանգարում և ձախողման է տանում ամեն ինչի սովորականը: 5 գիրք խորհուրդ կտամ՝ Թիմոթի Գոլվիի (W. Timothy Gallwey) «The Inner Game of Tennis» գիրքը, որը մարզիկին կսովորեցի ճգնաժամից դուրս գալ առանց գնահատականների դաշտ անցնելու, Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» որը ոչ միայն բիզնեսի մասին է, այլև՝ արժեքների, Ռայներ Մարտենսի «Հաջողակ մարզիչ»-ը, «Преимущества плеймейкера. Как поднять ментальный потенциал на новый уровень» (Զայչկովսկի և Պետերսոն ) գիրքը ու ևս մի բան գեղարվեստական գրականությունից՝ Հերման Հեսսեի «Սիդհարթան», որը էլի կարող է մարդու համար նոր տարածություն և ուղղություններ բացել:
Զրույցը՝ Հռիփսիմե Գալստյանի
Հարցազրույցի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024