«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփել է ՉԼ որակավորման առաջին փուլի՝ Մինսկի «Դինամոյի» հետ տնային խաղը (0:1): Հիշեցնենք, որ առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել, և Հայաստանի չեմպիոնը դուրս մնաց ՉԼ հետագա պայքարից:
«Լավ աշխատանք էինք տարել և կարողացանք հանդիպման ընթացքում փակել մրցակցի ուժեղ կողմերը։ Նրանք որակով ֆուտբոլիստներ ունեին, բայց գիտեինք՝ ինչպես խաղալ նրանց դեմ։ Մրցակցի թիմային աշխատանքին էլ էինք ծանոթ, գիտեինք` ինչ սխեմայով պետք է խաղան, ոչ մի նորություն չտեսանք։
Իմ կարծիքով՝ բաց թողեցինք հաղթանակը, քանի օր չօգտագործեցինք մեր պահերը։ Ափսոսում եմ, քանի որ թիմն իսկապես լավ աշխատանք կատարեց։ Հանդիպման վերջնամասը ձախողեցինք։ Տղաները սկսեցին կորցնել խաղի ռիթմը։ Մրցակիցը ֆիզիկապես ավելի լավ վիճակում էր, քանի որ Բելառուսի առաջնությունն ընթացքի մեջ է։
Մեր ֆուտբոլիստը ճիշտ չաշխատեց տուգանային հրապարակում, բայց համարում եմ, որ դա 11-մետրանոց չէր։ Նման խաղում այդպիսի 11-մետրանոցներ չեն նշանակում։ Երկու խաղում էլ մրցավարները մեզ հետ լավ չվարվեցին։ Սա բողոք չէ, այլ պարզապես իմ կարծիքն եմ արտահայտում։
Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, որ չկարողացանք հաղթել։ Բայց բոլորդ տեսաք` մենք ամեն ինչ արեցինք։ Լավ աշխատեցինք, բայց ինչ-որ մի բան չհերիքեց»,- ասել է Մելիքյանը։
© Armenian Soccer 2024