Մարտի 9-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 թթ. առաջնության մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» և ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող 3 ակումբների՝ «Լոկոմոտիվ», «Վեստ Արմենիա», «Վան» ֆուտբոլային ակումբների, արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2020/2021թթ.-իառաջնությանը:
Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 11-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Շիրակ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Գանձասար-Կապան ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Լոկոմոտիվ ՖԱ» և «Վան ՖԱ»:
Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Վեստ Արմենիա ՖԱ»-ի արտոնագրման դիմումն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2019թ. խմբագրություն) Հոդված 42-ով, 44-ով, 46-ով և Հավելված 1-ով սահմանված պահանջները: «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի արտոնագրման դիմումի մերժման արդյունքում ակումբի առաջին թիմը հնարավորություն չի ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2020/21թթ-ի առաջնությանը: Ակումբը իրավունք ունի բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 (հինգ) օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):
Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:
©2020 Armenian Soccer