Նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվեց 01.11.2021-ին կայացած՝ ՀՊԼ 12-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը, որի ավարտից հետո 2 թիմերի ֆուտբոլիստների միջև տեղի էր ունեցել միջադեպ, իսկ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Դիեգո Բարբոսան էլ երկրպագուների հասցեին անթույլատրելի արտահայտություններ էր կատարել:
Կոմիտեն քննարկումների արդյունքում միաձայն՝ 6 կողմ և 0 դեմ ձայներով քվեարկեց «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Յուսուֆ Օտուբանջոյին ու Խուլիո Բուենոյին որակազրկել 1-ական խաղով, Դիեգո Բարբոսային՝ 2 խաղով, և յուրաքանչյուրի խախտման համար ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի՝ 50․000 ՀՀ դրամի չափով։
«Փյունիկի» պարագայում պատիժը շատ ավելի խիստ է գրանցվել: Փյունիկցիներ էրիկ Վարդանյանն ու Արման Հովհաննիսյանը որակազրկվել են 5-ական խաղով, Գևորգ Ղազարյանը՝ 3 խաղով:
Ակումբն առաջին 2 դրվագներով տուգանվել է 250,000-ական դրամով, Ղազարյանի դրվագով՝ 200,000 դրամով:
Հավելենք, որ Էրիկ Վարդանյանի համար այս որակազրկումը «երկարաժամկետներից» չէ: Ֆուտբոլիստը 2019թ-ի հոկտեմբերին որակազրկվել էր 6 ամսով՝ մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար։ Մինչ այդ՝ նույն թվականի հունիսին, կրկին 5 խաղով էր որակազրկվել՝ մրցակցին քարով հարվածելու համար:
©2021 Armenian Soccer