ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունեց Հս. Մակեդոնիայի թիմին: Մեր թիմը խոշոր՝ 0:5 հաշվով պարտություն կրեց։
22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Տրայկովսկին։ 14 րոպե անց Էնիս Բարդին կրկնապատկեց հյուրեր առավելությունը:
Ընդմիջումից հետո, սակայն, խաղը մեր թիմի համար ավելի լավ չդասավորվեց: Խաղակեսի միջնամասում 2-րդ գոլի հեղինակ Բարդիի հանդեպ մրցակցի դարպասային հրապարակում կանոնները խախտեց Հովհաննես Համբարձումյանը, արդյունքում՝ հենց Բարդին էլ անվրեպ իրացրեց մրցավարի նշանակած 11-մետրանոց տուգանայինը՝ 0:3:
Ոգևորված հս.մակեդոնացիները ավելացրեցին ճնշումն ու նախ 79-րդ րոպեին հաշիվը հասցրեցին 0:4-ի՝ Միլան Ռիստովսկու ջանքերով, ապա՝ 89-րդ րոպեին արդեն Դավիթ Տերտերյանի թույլ տված խախտման արդյունքոմ մրցավարը 2-րդ 11-մետրանոցը նշանակեց: Այն կրկին անվրեպ իրացրեց Բարդին՝ ձևակերպելով հեթ-թրիկ ու հանդիպման վերջնահաշիվը՝ 0:5:
Հայաստանի ազգային հավաքականն այս պարտությունից հետո կորցրեց ԱԱ 2022-ի ընտրական փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու մաթեմատիկական բոլոր շանսերը:
Ընտրական փուլի վերջին տուրում մեր թիմը կընդունի Գերմանիայի հավաքականին: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին:
©2021 Armenian Soccer